Կառավարությունն առաջիկա երեք տարիների համար կանխատեսում է 4, 7-ից մինչև 5,7 տոկոս տնտեսական աճ: Այսօր գործադիրի նիստում այդ մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որի ղեկավարած կառավարությունը հաջորդ տարեսկզբին՝ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո պետք է հրաժարական տա, ներկայացրեց, թե 2018-2020 թվականներին ինչպես են ապահովելու նախանշված տնտեսական աճը:
«Մենք նախատեսում ենք սեփական եկամուտների մուտքերի բավական ամբիցիոզ աճ և հաստատուն ծախսերի շատ կոշտ կառավարում: Տնտեսված միջոցներն ուղղելու ենք դեպի տնտեսական աճ: Կապիտալ ծախսերի, ենթակառուցվածքների փլիսոփայություն, նաև բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք դնում Հարկ-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ, մեր արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»,- կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախորդ տարվա արդյունքով ընդամենը 0,2 տոկոս տնտեսական աճ արձանագրելուց հետո կառավարությունն այս տարվա բյուջեով նախատեսել է 3,2 տոկոս աճ: Ուշագրավ է, որ ի տարբերություն Ֆինանսների նախարարության՝ Կենտրոնական բանկն առաջիկա երեք տարիներին տնտեսական աճի ավելի համեստ սպասելիքներ ունի:
Կանխատեսումների այդ տարբերությանը վերաբերող՝ վարչապետի հարցին, Ֆինանսերի նախարար Վարդան Արամյանը պատասխանեց․ «Մենք տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր ենք նախատեսում: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, առաջիկա երեք տարիներին պոտենցիալը կլինի 3,2-ից մինչև 4,5 տոկոս: Միջնաժամկետ ծախսերի այն ծրագրով, որը մենք ներկայացնում ենք ապագա տարիների համար, կանխատեսում ենք 4,7-ից մինչև 5,7 տոկոս տնտեսական աճ: Հիմնական տարբերությունն այն է, որ պահանջարկի և ներդրումների մասով ԿԲ-ն ավելի համեստ աճ է նախատեսում, իսկ մենք համեմատաբար ավելի ագրեսիվ ջանքեր ենք նախատեսում»:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի գնահատմամբ՝ հայաստանյան կառավարությունների կանխատեսումները, հատկապես հաջորդ երեք տարվա ցուցանիշներին վերաբերող, երբևէ չեն իրականացել: Գևորգյանը նաև չի տեսնում տնտեսական ցուցանիշները բարելավելու նախադրյալներ, քանի որ դրանք «հիմնականում արտաքին գործոններով են» պայմանավորված:
«Եթե նայենք աճ գրանցած տարիներին, կտեսնենք, որ այդ տարիներին կտրուկ աճել են տրանսֆերտները, [միջազգային շուկայում] կտրուկ աճել է պղնձի գինը: Ընդամենը սա է: Կառավարության գործունեության բաղադրիչն այդ աճերի մեջ մոտ է զրոյի»,- ասաց մեկնաբանը:
Ֆինանսների նախարարի պնդմամբ՝ առաջիկա երեք տարիներին իրենք փորձելու են միջոցները կենտրոնացնել կապիտալ ծախսերի ուղղությամբ, ինչը տնտեսական զարգացման հիմքեր կստեղծի: 6 միլիարդ դոլարի պետական պարտք ունեցող Հայաստանի ֆինանսների նախարարն այսօր նաև վստահություն հայտնեց՝ պարտքի ավելացումը վտանգավոր չէ, եթե դա ուղղվում է տնտեսական աճին, այլ ոչ թե, օրինակ՝ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացմանը:
«Որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրները դյուրին կերպով լուծել, առաջին հերթին պետք է ստեղծենք հենքեր՝ տնտեսական աճի համար: Այսինքն՝ եթե հիմա մեծ շեշտադրում անենք աշխատավարձերի բարձրացման և այլ աճերի վրա՝ քիչ ուշադրություն դարձնելով կապիտալ ծախսերի վրա, մեծ կլինի ռիսկը, որ հետագայում կունենանք ավելի բարդ միջավայր, քան Հունաստանում՝ պարտք ենք վերցնելու և ընթացիկ ծախսեր ենք անելու: Նոր սցենարով մեր մոտեցումն էապես փոխել ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Վարդան Արամյանը:
Երբ Կարեն Կարապետյանը դեռ նոր էր վարչապետ նշանակվել, որպես տնտեսության զարգացման հիմնական գործոն նշվում էր ոչ թե պարտքը, այլ ներդրումները, հիշեցնում է մեկնաբան Հայկ Գևորգյանը: «Ասելով, որ մենք նորից պիտի պարտքեր ներգրավենք բայց ճիշտ օգտագործենք, կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ ներդրումների ներգրավման հեռանկարներն արդեն մի քիչ խամրել են»,- նկատում է տնտեսական մեկնաբանը: