Բացահայտվել է ավազակային հարձակումը երևանյան սուպերմարկետում, հայտարարվել է հետախուզում․ ՔԿ

Քննչական կոմիտեն (ՔԿ) այսօր հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանի Թումանյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։

Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։ Ոստիկանությունից ստացված գրության համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հատել է Հայաստանի պետական սահմանը: Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հունիսի 30-ին ժամը 4:15-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը մուտք էր գործել սուպերմարկետ ու գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից հափշտակել խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, հիշեցնում է Քննչական կոմիտեն: