ՌԴ ԱԳՆ-ն անհասկանալի և ոչ բավարար է համարում Բաքվի պատասխանը․ «Այս ամենը վայրենություն է հիշեցնում»

ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ

Ադրբեջանի պատասխանը ցույց է տալիս, որ այդ երկիր մեկնող Ռուսաստանի քաղաքացիները «նախկինի պես ենթակա են կամայականությունների զոհ դառնալուն», նաև նշում է ՌԴ արտաքին գերատեսչությունը:

Այսօր ՌԴ արտգործնախարարությունը դարձյալ անդրադարձել է Ադրբեջանում Ռուսաստանի հայազգի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի խնդրին, վերահաստատելով Ռուսաստանի վճռականությունը՝ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցում:

Նախօրեին ռուսաստանյան ТАСС գործակալությունը, հղում անելով երկրի արտաքին գետրատեսչության հաղորդմանը, տեղեկացրել էր, որ Մոսկվան մտահոգված է Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքով, ինչին Բաքվից արձագանքել էին, թե «Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»:

Ռուսաստանի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտքի թույլտվության արգելման մասին լրատվամիջոցների բարձրացրած բազմաթիվ հարցադրումների առնչությամբ՝ հարկադրված ենք փաստել, որ այդ երկիր ժամանող ՌԴ քաղաքացիներն իսկապես են ենթարկվում են ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրականության»:

Հաղորդագրության մեջ բերվում են նման վերաբերմունքի օրինակներ, ընդհուպ այն դեպքերի հիշատակումը, երբ Ադրբեջանում հարցաքննվել են նաև ռուսական ազգանվամբ մարդիկ, որոնք կասկածվել են «հայկական արմատներ ունենալու մեջ»:

«Այս ամենը վայրենություն է հիշեցնում, չխոսելով արդեն այն մասին, որ ուղղակիորեն խախտվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 1997 թվականի հուլիսի 3-ին կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրին»,- հայտարարում է ՌԴ արտգործնախարարությունն ու հավելում, որ ռուսական կողմը բազմիցս նման փաստերի առնչությամբ բողոքի նոտաներ է հղել Բաքվին:

ՌԴ արտաքին գերատեսչությունը նաև ընդգծում է՝ հղված բողոքներում «ելակետ ենք ունեցել նաև այն, որ Ադրբեջանն իրեն ներկայացնում է իբրև ազգային և կրոնական հանդուրժողականության օրինակ, վերջին ժամանակներում էլ հայտարարում է հայ-ադրբեջանական հասարակական երկխոսությունը կարգավորելու մտադրության մասին»:

«Սակայն մեր սպասելիքները չեն արդարացել, նշված միջադեպերի քննություն չի իրականացվել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան նոտայում նշված է, թե Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ:

Այդ պատասխանը համարում ենք անհասկանալի և ոչ բավարար: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի պես ենթակա են կամայականությունների զոհ դառնալուն: Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ զայրացուցիչ ու խտրական գործելակերպը և, բնականաբար, անելու ենք համապատասխան հետևություններ»,- հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Այսօր ավելի ուշ Բաքուն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության այս հայտարարությանը, մասնավորապես, նշելով՝ «Ռուսաստանի ԱԳՆ-ի արդեն երկրորդ հայտարարությունը հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործելիս ստուգելու հարցի առնչությամբ՝ զարմանք է առաջացնում և անհասկանալի է»: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, թե ռուսական կողմի հաղորդումը «դուրս է դիվանագիտական էթիկայի սահմաններից» և «չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական գործընկերության ոգուն»:

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այդ հարցը երբեք օրակարգային չի եղել, հետևաբար դժվար է հասկանալ դրա վերաբերյալ ռուսական կողմի ակտիվության պատճառը»,- նաև նշված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության պատասխանում: