ԼՂ ՊԲ խոսնակ․ Գիշերը շփման գծում կրակոցները շարունակվել են

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գիշերը կրակոցները շարունակվել են։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանի զինված ուժերը վերջին ժամերին հրադադարի ռեժիմը խախտել են հրաձգային զինատեսակներից և դիպուկահար զենքերից։ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։

Հասրաթյանի խոսքով՝ գիշերը շփման գծում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, Ղարաբաղի զինված ուժերը, ըստ նրա, սահմանում իրավիճակը հսկողության տակ են պահում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր առավոտյան հայտարարեց, որ հայկական կողմն է գիշերը խախտել հրադադարի ռեժիմը՝ մոտ 142 անգամ։ Սենոր Հասրաթյանը պնդեց, որ սա ապատեղեկատվություն է։

Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել էր երեքշաբթի օրը: Հուլիսի 4-ի ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։