Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի մասնակցի դավաճանության մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը, որի հերթական նիստը պետք է տեղի ունենա այսօր: Յանուկովիչը հետ է կանչել իր փաստաբաններին դատարանից:
«Ես չեմ ցանկանում մասնակցել ենթադրյալ դատավարություններին, որոնց արդյունքը կանխորոշված է», - հայտարարել է Յանուկովիչը՝ հավելելով, որ իր փաստաբաններն «անզոր են վիճարկել այս գործը մի երկրում, որտեղ արդարադատությունը հիմնահատակ վերացել է»:
Յանուկովիչի խոսքով՝ դատախազները մեղադրում են իրեն Ուկրաինայի անցած, ներկա և ապագա դժբախտությունների համար: Ըստ նրա՝ մինչ իրեն մեղադրում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու մեջ, նույն ժամանակ դատարանը ոտնահարում է իր իրավունքները՝ թույլ չտալով մասնակցել դատական նիստերին տեսակամուրջի միջոցով:
Ուկրաինայի դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է Ռուսաստանի Դաշնային խորհրդին և նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա զորք մտցնելու խնդրանքով նամակ գրելու մեջ:
Ուկրաինական հեղափոխությունից հետո, վերջին երեք տարիներին Վիկտոր Յանուկովիչը ապրում է Մոսկվայում:
Հիշեցնենք՝ 2013 թվականի վերջին-2014-ի սկզբին Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է 106 մարդ, ավելի քան հազարը՝ վիրավորվել: Որպես Եվրոմայդան հայտնի շարժումն ավարտվեց Յանուկովիչի պաշտոնանկությամբ և իշխանափոխությամբ: