Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին

Արխիվ – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (ձախից) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջագուրվում են երկկողմ բանակցություններից հետո, Անկարա, Թուրքիա

Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել երեկ երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ընդհարման մասին: Պաշտոնական Անկարան «դատապարտել է հայկական զինված ուժերի սադրիչ գործողությունները և ցավակցել զոհվածների ընտանիքներին»:

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանի՝ դիտավորյալ ու համակարգված կերպով վարած բռնության քաղաքականությունը ամենամեծ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին և անհրաժեշտ ճնշումը գործադրի օկուպացված տարածքներից Հայաստանի հետ քաշվելու ուղղությամբ», - ասված է Թուրքիայի ԱԳ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հերթական անգամ ընդգծել է՝ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լուծման համար՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում արդար ու մնայուն լուծում գտնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: