Ռուսաստանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ТАСС գործակալությունը:
«Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ»,- ըստ գործակալության, հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից, վկայաբերելով մի շարք օրինակներ:
«Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ մտահոգիչ գործելակերպը, ինչն անհամատեղելի է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- նաև նշել են ՌԴ արտգործնախարարությունում, հավելելով, թե ստեղծված իրավիճակից «բնականաբար կարվեն հետևություններ»:
Հղում անելով ՌԴ արտաքին գերատեսչության տվյալներին, գործակալությունը նշում է, որ այս տարվա սկզբից Բաքուն մերժել է հայկական ազգանվամբ 25 ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան․ նրանց ժամերով սպասեցրել են, մի շարք դեպքերում՝ զրկելով սնվելու, երբեմն անգամ ջուր խմելու և բուժօգնություն ստանալու հնարավորությունից, այնուհետև իրենց իսկ հաշվին արտաքսել են երկրից:
Նման դեպքերում իբրև հիմնավորում է նշվել քաղաքացիների հայկական ազգանունը, սակայն եղել են դեպքեր, երբ Ադրբեջանում հարցաքննել են նաև ռուսական ազգանվամբ մարդկանց՝ «հայկական արմատները բացահայտելու նպատակով», շարունակում է ТАСС-ը:
Ըստ գործակալության, Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որ նման փաստերի հետ կապված բազմիցս բողոքի նոտաներ են հղել Բաքվին, սակայն դրանք «ընկալելի և բավարար պատասխան» չեն ստացել: ТАСС-ը նաև տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ հաղորդման համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունից հետևյալ պատասխանն է ստացվել․ «Նման անցանկալի միջադեպերի կանխման համար Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»: