Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Ընդունումից ի վեր՝ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում, երկրի Հիմնական օրենքը արդեն երկու անգամ փոփոխվել է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության օրոք:
Սահմանադրական վերջին փոփոխություններին դեմ հանդես եկող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահը պնդում է՝ Հայաստանում իշխանությունը ձգտում է ոչ թե պահպանել Սահմանադրությունը, այլ ամեն գնով այն հարմարեցնել սեփական շահերին:
«Նախ ասեմ, որ այսօր, այնուամենայնիվ, տոն է՝ Սահմանադրության ընդունման տոնն է, և մենք պետք է հասկանանք, թե ինչու է այդպես, ինչու է Սահմանադրության ընդունման օրը համարվում տոն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լևոն Զուրաբյանը` շարունակելով․ - «Գիտե՞ք, դա շատ պարզ պատասխան ունի՝ Սահմանադրության կարևորությունը ցանկացած երկրի կյանքում նրանում է, որ Սահմանադրությունը մեկընդմիշտ սահմանում է քաղաքական խաղի կանոնները՝ անփոփոխելի կանոնները: Որևէ դեմոկրատական ազգ, երբ ընտրում է կառավարման ինչ-որ մոդել, դա այլևս չի փոփոխվում, այսինքն՝ կառավարման մոդելը ինքնին դառնում է դեմոկրատական գործընթացների երաշխիքը»:
«Ցավոք սրտի, մեզ մոտ արդեն երկու անգամ փոփոխության ենթարկվեց Սահմանադրությունը, մեկ անգամ՝ 2005 թվականին, մեկ անգամ՝ 2015 թվականին․․․ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այդ փոփոխությունը ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդի կամքի հետ, բայց խնդիրը հենց այն է, որ, Սահմանադրության ամբողջ իմաստը հենց նրա մեջ էր, որ ամեն մի նախագահ չգար և իր ուզած ձևով կառուցեր մի նոր Սահմանադրություն, որը պետք է ապահովեր իր իշխանության պահպանման հնարավորությունը», - ընդգծեց Զուրաբյանը:
«Առջևում 2018 թիվն է, և արդեն Ձեր բարձրացրած մտահոգությունը կարծես թե մենք կարող ենք շոշափելիորեն զգալ: Ձեր բոլոր մտահոգությունները այսօր Դուք տեսնո՞ւմ եք, ժամանակին որ բարձրացնում էիք՝ 2015 թվականին», - այս հարցին Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը արձագանքեց․ - «Իհարկե, մենք շատ լավ հասկանում էինք 15 թվականին, որ սահմանադրական փոփոխությունները և՛ տեսականորեն անընդունելի են, որովհետև փոխվում էր կառավարման մոդելը, ինչը, ես ասացի արդեն, շատ վատ բան է, և՛ գործնականում ծառայում են մեկ նպատակի՝ Սերժ Սարգսյանի և իր ղեկավարած Հանրապետական կուսակցության իշխանության հավերժացմանը: Որովհետև եթե Սահմանադրությունը մնար հինը, Սերժ Սարգսյանը ստիպված պետք է իր իշխանությունը զիջեր մեկ այլ անձի՝ թեկուզև նորից կեղծվեին ընտրությունները, թեկուզև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ընտրվեր, բայց դա կլիներ արդեն այլ մարդու իշխանություն, այսինքն՝ գոնե այդ առումով ինչ-որ փոփոխություն կլիներ»: