Հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու համար, Բաքուն պետք է համաձայնի՝ կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:
Ավելի ուշ ՊԲ-ն տեղեկացրեց, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին, հակառակորդն ունի կորուստներ, հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Ադրբեջանական կողմը հաղորդում է գյուղի երկու բնակիչների զոհվելու և մեկ վիրավորի մասին: