Սաուդյան Արաբիայի թագավորը չի մեկնի Համբուրգ՝ Կատարի հետ վեճի պատճառով

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ, արխիվ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզը չի մասնակցի հուլիսի 7-8-ը Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այսօր են տեղեկացրել, որ 81-ամյա թագավորը չի ժամանի Համբուրգ՝ պատճառները չմանրամասնելով:

Թագավորության դիվանագիտական աղբյուրը, մինչդեռ, DPA գերմանական լրատվական գործակալությանը հայտնել է, որ թագավորը չեղարկել է այցը Կատարի հետ սուր վեճի կապակցությամբ: Թագավորի փոխարեն հավաքին ներկա կլինի Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամադ ալ-Ջադաանը:

Հիշեցնենք, հունիս 5-ին Սաուդյան Արաբիան և արաբական մի քանի այլ երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ։