Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դատավորը սանկցիա կիրառեց «Սասնա ծռեր»-ի՝ այսօրվա դատավարությունով անցնող 18 անդամներից 16-ի՝ Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Գևորգ Իրիցյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի (Դեդ), Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի և Վարդգես Գևորգյանի նկատմամբ և նրանց հեռացրեց դահլիճից:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դատարանը սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց Սերգեյ Կյուրեղյանի նկատմամբ։
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։