Պուտինն ունի հսկայական ստորգետնյա բունկերներ․ Պենտագոնի զեկույց

Միջուկային պայթյուն

Կրեմլն անհավանական չի համարում «միջուկային Արմագեդոնը»:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության՝ Ռուսաստանի զինված ուժերի մասին վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հսկողության տակ կա երկու հսկայական ստորգետնյա բունկեր:

Այդ գերպաշտպանված ամուր կառույցներում միջուկային պատերազմի վտանգի պարագայում պետք է ապաստանի Ռուսաստասնի քաղաքական-զինվորական վերնախավը: Ընդհանուր հաշվով, ըստ Պենտագոնի փորձագետների, երկու բունկերներում կտեղավորվի մինչև 10 հազար մարդ:

Մոտ 300 մետր խորության վրա գտնվող այդ հսկայական բունկերներից մեկը հենց Կրեմլի տակ է, մյուսը՝ Մոսկվայի պետական համալսարանին հարող տարածքում:

Ըստ զեկույցի, «միջուկային Արմագեդոնը» վերապրելու համար կառուցված բունկերները միմյանց հետ կապված են թունելներով, բունկերներից կարելի է ստորգետնյա երկաթգծով հասնել հրամանատարական մյուս կառույցներ, ինչպես նաև 27 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Վնուկովո» կառավարական օդանավակայան:

Ըստ Պենտագոնի փորձագետների, պաշտպանական ստորգետնյա երկու ուրիշ կառույցներ գտնվում են Մոսկվայից 60 կիլոմետր հարավ:

Բունկերներում կան պարենի պաշարներ, ջեռուցում, թթվածին, կապի միջոցներ, բուժկետեր և կյանքի համար անհրաժեշտ այլ համակարգեր:

«Գերապահով այդ բունկերներում մարդիկ կարող են ամիսներ շարունակ ապրել միջուկային գրոհներից հետո», - նշում են Պենտագոնի փորձագետները:

Զեկույցում ասվում է, որ Կրեմլում անհավանական չեն համարում համաշխարհային պատերազմի հնարավորությունը, համոզված լինելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետապնդում է Ռուսաստանում ռեժիմը փոխելու նպատակ:

«Մոսկվայում ենթադրում են, որ Ամերիկան ցանկանում է աշխարհին պարտադրել մի ընդհանուր արժեհամակարգ, ինչը կընձեռի Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու և իշխանափոխության հասնելու հնարավորություն», - նշված է զեկույցում:

Դա առաջին նմանօրինակ փաստաթուղթն է, որը հրապարակվում է «սառը պատերազմի» ավարտից հետո: Մինչ այդ Պենտագոնը Կոնգրեսի համար ամեն տարի կազմել է զեկույցներ Խորհրդային Միության զինված ուժերի մասին, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զեկույցների կարիք, ըստ ամերիկացի փորձագետների, այլևս չի եղել:

Պենտագոնի հետախուզական գործակալության տնօրեն, ծովային հետևակի գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարթն ասել է, որ հաշվի առնելով բանակն արագ և արդյունավետ արդիականացնելու Մոսկվայի քաղաքականությունը՝ նորից ի հայտ է եկել Ռուսաստանի ռազմական ուժը և ծրագրերը գնահատելու անհրաժեշտություն: