Երևանյան սուպերմարկետից ավազակային հարձակմամբ հափշտակվել է գումար. հարուցվել է քրգործ

Երևանյան սուպերմարկետներից մեկում, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով, հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով՝ «ավազակություն, որը կատարվել է խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ»:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ավազակային հարձակման հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: