Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ թեժ գծին ստացած ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:
Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:
Նշենք, որ այսօր փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ դատական նիստի մեկնարկին իրեն տեղեկություններ են փոխանցել, որ ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ «հայհոյանքներ են հնչեցվել և ֆիզիկական ուժ է կիրառվել»։
Եգորյանը նաև հայտնել էր, որ Սաֆարյանը խնդրել է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրեն մոտենան։
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում ընթանում է Սեֆիլյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Գևորգ Սաֆարյանը ևս անցնում է այս գործով՝ մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։