Փաստաբաններն ահազանգում են. «Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել»

Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը, 30-ը հունիսի, 2017թ.

Փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է, որ տեղեկություններ ունեն՝ ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ «ֆիզիկական ուժ է կիրառվել»։

«Մեզ տեղեկություն են փոխանցել դատական նիստը սկսելուց առաջ, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հայհոյանքներ են հնչեցվել և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել։ Գևորգը խնդրել է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրեն մոտենան, այլ մանրամասներ չունեմ։ Այդ կապակցությամբ դատավորն առանձնապես մտահոգություն չցուցաբերեց, ինձ էլ չի թույլատրվում այցելել իմ պաշտպանյալին», - Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետո զրույցում ասաց Եգորյանը։

Նշենք, որ նիստերից մեկի ժամանակ Սաֆարյանն ու Սեֆիլյանը հեռացվել էին դահլիճից «կարգը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու» համար։

Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով իրենց պաշտպանյալների ներկայությունը նիստին։ Միջնորդության քննության ընթացքում 30 րոպե ընդմիջում հայտարարվեց՝ ամբաստանյալներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով։

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։ Նա նաև անցնում է Սեֆիլյանի գործով՝ մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։