Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արամ Սարգսյանին. «Միասին եթե գործենք, և պիտի՛ գործենք, եղանակը պետք է փոխենք»

«Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, տաճարում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան` 10 զոհ տալ, հետո տուն գնալ», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի դիտարկումներին։

«Մինչ օրս ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն հարցաքննվել Մարտի 1-ի ահավոր ողբերգության պահով, ոչ էլ ես, որ այդ օրը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ գտնվում էի Պետերբուրգում և մարտի 2-ին հասա, այցելեցի ում կարողացա, այդ թվում՝ Արմեն Մարտիրոսյանին, ով ևս դաշույնով հարված էր ստացել։ Ես խնդիր չունեմ այսօր կամ ընդհանարապես որևէ մեկի մոտ միավոր ստանալու՝ լավ խոսեց, թե՝ ոչ», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Եթե պետք է մտածենք ապագայի մասին, Արամ Զավենի Սարգսյան, իմ լավ ընկեր, և որ գալուց Նիկոլին հանդիպեցի պատահմամբ, ասեցի, որ ես ավելի լավ ընկեր եմ Արամին, քան՝ դու։ Եվ ասում եմ Արամին, որ դեռ պետք է կանգնենք միասին ապագայի համար, սենց չենք կանգնելու, կամ պիտի կանգնենք՝ ամեն մեկն իր մեղքը, իր հետագիծը, իր տալիքը տալով, բայց թող ոչ մեկը ոչ մյուսի դատավորը չլինի։ Ես միշտ կաղոթեմ, դու էլ կաղոթե՛ս, Արամ, և միասին եթե գործենք, և պիտի՛ գործենք, մեր եղանակը պետք է փոխենք»։

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է փողոցային պայքարի առիթ դառնալ, ինչն էլ հնարավոր է հանգեցնի «թավշյա հեղափոխության»:

«Ելք»-ն էլ, իր հերթին հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու ծրագիրը խափանելու համար։

Անդրադառնալով այս հարցում «Ելք»-«Ժառանգություն» հնարավոր համագործակցությանը` Արամ Սարգսյանն ասել էր, թե նախ որոշ ճշգրտումներ են հարկավոր անել, մասնավորապես` արդյո՞ք թավշյա հեղափոխություն անելու ընթացքում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին որոշի գնալ առ Աստված աղոթելու, ինչպես դա արեց 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Բաղրամյան փողոցում: