Արայիկ Խանդոյանի պաշտպանը պահանջում է բժշկական զննության ենթարկել իր պաշտպանյալին

Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2017թ․

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի պաշտպանը երեկ միջնորդություն է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին իր պաշտպանյալին բժշկական զննության ենթարկելու համար, մասնավորապես՝ «…հատկապես պարզել գլխուղեղի ցնցում ստանալու վերաբերյալ փաստը»: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ավելի վաղ գործով պաշտպաններն ահազանգել էին, որ ոստիկանները 10-15 հոգով ծեծի են ենթարկել «Սասնա ծռեր»-ի անդամներ Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Խանդոյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելելուց հետո Ղարագյոզյանը «Ազատության»-ը պատմել էր, որ իր պաշտպանյալը կապտուկներ ուներ գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: