Ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով հարկ է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է, որ ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն կա:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:

Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն: Արեգ Կյուրեղյանը և Սմբատ Բարսեղյանը հրաժարվել են առանձնազրույց ունենալուց, սակայն նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ենթարկվել են մանրամասն ուսումնասիրության:

Մխիթար Ավետիսյանի պնդմամբ, ինքը բժշկական օգնության չի դիմել: Արայիկ Խանդոյանի պնդմամբ՝ ինքն օգտագործել է իր մոտ եղած դեղամիջոցները, իսկ Գագիկ Եղիազարյանին ՔԿՀ-ի կողմից տրամադրվել է ցավազրկող դեղամիջոց:

Արտաքին զննության արդյունքներով՝

1. Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկան հոդերի դրսային հատվածներում թվով երկու (յուրանքաչյուր վերջույթում՝ մեկական) գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ. երկարությամբ, կարմրավուն երանգով,

2. Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել են աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ մոտ 12սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4սմ. երկարությամբ և մոտ 3սմ. լայնությամբ քերծվածք,

3. Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել են վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ, անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ տրամագծով՝ կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2սմ մակերեսով քերծվածք՝ կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2սմ երկարությամբ և մոտ 1սմ լայնությամբ՝ կարմրավուն երանգով:

Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են: Մանրամասն ուսումնասիրվել և արձանագրվել են նաև նշված անձանց մարմնական զննության ենթարկելու վերաբերյալ ՔԿՀ-ում առկա արձանագրությունները:

Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնց հիման վրա պետք է անհապաղ նախաձեռնվի քրեական դատավարության օրենսրքով նախատեսված ընթացակարգ: Ձեռք բերված բոլոր տվյալները սահմանված կարգով ամփոփվել են և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների փաստաբանները նախօրեին հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալներին ոստիկանները ծեծի են ենթարկել: