Նրանց մասին այսօր շատ քիչ են խոսում, նրանց իրենց շրջապատից դուրս քչերը գիտեն, նրանք իրենք չեն սիրում խոսել իրենց մասին:
Օրերս լույս է տեսել մի գիրք, որը հնարավորություն է տալիս անուն առ անուն ճանաչել պատերազմի կինովավերագիրներին: «Նրանք նկարում էին պատերազմը․ կինովավերագրողներն Արցախյան պատերազմում․ 1991-1994»․ ահա այս խորագրի ներքո Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Հոգևոր Հայասատան» մշակութային կազմակերպությունը հրատարակել են արցախյան հերոսամարտի ընթացքում պատերազմը վավերագրած անձանց հետ հարցազրույցներ, նրանց հուշապատումները, կենսագրականներն ու լուսանկարները:
Այս նյութերն ամբողջական պատկերացում են տալիս թե՛ կինովավերագրողների մարդկային էության, թե՛ նրանց պրոֆեսիոնալիզմի, թե՛ հայրենասիրության մասին, թեև որպես կանոն իրենք իրենց արածը սովորական բան են համարում, ոչ մի հերոսություն: «Հերոսները նրանք էին, ովքեր զոհվեցին Արցախի ազատագրության համար», - ասում են նրանք:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշխարհ» կայքի թղթակից Ալիսա Գևորգյանի նախաձեռնությամբ կայքը դեռ տարիներ առաջ սկսեց «Պատերազմի վավերագրողներ» շարքը: Գևորգյանի հարզացրույցների շարքը տպագրվեց նաև «Կինոաշխարհ» թերթում, և դրանք այս նոր լույս տեսած գրքի հիմքը հանդիսացան:
Գիրքը կազմել են կինոկենտրոնի աշխատակիցներ Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանը, նրանք էլ նյութը ամբողջացրել են՝ ընդգրկելով նաև Արցախում և արտերկրւոմ ապրող վավերագիրների մասին նյութեր։
Ծավալուն՝ մոտ 450 էջանոց գիրքը համալրված է ուշագրավ լուսանկարներով և գրքում ներկայացված 34 կինովավերագրողների տեսանյութերի երկու խտասկավառակներով:
Այսօր գրքի շնորհանդեսի ժամանակ կինովավերագրողները համեստորեն ու կցկտուր պատմում էին պատերազմի ժամանակ իրենց զգացողությունների մասին: Թեև ինչպես նշում էր Ազգային կինոկենտրոնի խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը, նրանք հաճախ դժվար երկընտրանքի առջև են կանգնած եղել՝ զե՞նքը վերցնել, թե՞ կինոխցիկը, երբեմն էլ հարկ է եղել վերցնել թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Ավագ սերնդի կինոօպերատոր Լևոն Աթոյանցն ասում էր, թե եթե պատերազմ լինի միևնույն է նույն ենք անելու՝ հաղթելու ենք:
Արցախյան ազատամարտի կինովավերագրողներից Նիկոլայ Դավթյանն էլ պատմում էր․ - «88 թվականին ես գնացի Ստեփանակերտ՝ հեռուստատեսություն ստեղծելու: Ու մինչև 93 թվականը այնտեղ էի, փաստորեն մինչև հեռուստատեսության պայթեցնելը: Որ պայթեցրեցին, արդեն անիմաստ էր, եկանք Պաշտպանության նախարարություն աշխատելու: Հերոս հասկացությունն ինձ համար այնքան ուրիշ է, այնքան մեծ է, որ մեր արածը չնչին բան է հերոսության հետ համեմատած»:
Ազատամարտի մեկ այլ կինովավերագրող՝ Լևոն Գրիգորյանի խոսքով, իրենց նպատակը մեկն էր՝ ճշմարտությունը ողջ աշխարհին հասցնելը․ - «Մենք շատ էինք երազում, որ էդ ճշմարտությունը հասնի: Ճիշտ է, բոլորի մոտ տարբեր ճշմարտություններ են, բայց էն իրականությունը, որ այն ժամանակ կատարվում էր, ուղղակի ժողովուրդը կոտորվում էր․․․ Հպարտ եմ նրանով, որ ուղղակի բախտ է վիճակվել լուսաբանել էդ պատերազմը: Զգացված եմ, որ իմ անունն էլ է ընդգրկվել այս գրքի մեջ»:
«Հիմա էս տղերքին, ում որ տեսնում եք, իրանց մասին ա, իրանց կատարածի մասին ա էդ ամեն ինչը: Եվ այս տղաների շնորհիվ այսօր դաստիարակվում է նոր սերունդը», - ասաց Շավարշ Վարդանյանը:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սա սովորական շնորհանդես չի, սա պատմություն է, որը պիտի մնա մեր սերունդներին»: