Գաբրիելյանների ընտանիքն առաջին անգամ է Հայաստանում։ Եկել են, որ այստեղ ապրող հարազատներից կարոտն առնեն։ Նրանց խոսքով` պատերազմը վերապրելուց հետո, այս այցն իրենց համար բուժիչ բնույթ է ունենալու։
Հալեպում ապրող Սյուզան Գաբրիելյանն ասաց, որ հուսով են, թե Երևանում կմոռանան իրենց ցավերն ու վշտերը:
«Թալանված ու քանդված Հալեպը դանդաղ քայլերով վերականգնվում է», - ուրախությամբ իր ծննդավայրի մասին պատմում է տիկին Սյուզանը։ Կենդանություն է ստանում նաև Սուլեյմանիե թաղամասը, որտեղ ազատագրումից հետո թալանված գտնել են իրենց տունը։ Ասաց, որ վախի զգացողություն արդեն չունեն, և հույս հայտնեց, որ Հալեպից հեռացած հայերը կվերադառնան. - «Հոս մեր մայր Հայրենիքն է, բայց հոն ալ մեր ծննդավայրն է»:
Հայրենիքից Հալեպ վերադարձողները քիչ չեն, բայց գալիս են ու հիմնականում հետ դառնում։ Հարցին, թե ինչու մնացիք պատերազմող երկրում, Սյուզան Գաբրիելյանը պատասխանեց. - «Չուզեցինք մեր քաղաքեն ելնել»:
Երկուևկես ժամ թռիչք ու երեքուկես տարվա ընդմիջումից հետո կրկին հայրենիքում են։ Նորա Աբուսեֆյանը Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ ինքնաթիռ բարձրացավ ու առանց վախի զգացումի Հայաստան հասավ։ 15 օրով է եկել։ Նա ասաց, որ Հալեպը կրկին հայերով է վերաբնակեցվում, քաղաքի ազատագրումը մեծ ուրախություն էր բոլորի համար:
Դեռևս պատերազմող Սիրիան Հայաստանի հետ կապող օդային օղակի առկայությունը շատ է ոգևորել հալեպահայությունը։ Մեր բոլոր զրուցակիցները սա փաստելով նշում էին՝ այսուհետ Հալեպ - Երևան կապն էլ ավելի է ամրապնդվում։
Դամասկոս - Երևան - Դամասկոս չվերթը մինչև ամռան վերջը կլինի կանոնավոր և կիրականացվի ամեն չորեքշաբթի։