Գլխավոր դատախազը չի բացառում, որ «ՍԱՍ»-ի ժողովի գործը կարող է կարճվել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ «ՍԱՍ»-ի ժողովի աղմկահարույց գործը կարող է կարճվել՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով:

Գործն ավելի քան երկու ամիս ի վեր քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), ու մինչև հիմա գործով մեղադրյալներ չկան:

«Ես գիտե՞ք երբ կբացառեի: Երբ որ արդեն որոշում լիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավթյանը: - «Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում:

Խորհրդարանական ընտրություններից հետո Hayastan 24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովել է մոտ 12 հազար ձայն: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ ՀՔԾ-ն չի տրամադրում՝ նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով:

Գլխավոր դատախազ ևս այսօր շատ չծավալվեց. այդպես էլ չմանրամասնեց, թե արդյոք գործի նախաքննության ընթացքում ուսումնասիրվել է մամուլի հրապարակած տեղեկությունը, որ աղմկահարույց ժողովը վարել է Արտակ Սարգսյանի եղբայրը:

Հարցին, թե արդյոք իրականացվել է Արամ Սարգսյանի ձայնը նույնականացնելու փորձաքննություն, Դավթյանը պատասխանեց. - «Քանի որ հիմա նախաքննության փուլում է գտնվում քրեական գործը, դրանով ձեռք բերված տվյալներ, բնականաբար... Արտակի եղբայր, մյուս փաստարկներ, հակափաստարկներ... ճիշտ չի լինի, որ հրապարակեմ, որովհետև դա օրենքով սահմանված արգելք է»:

Հարցին, թե ինչպես է, որ մինչև հիմա գործով որևէ մեղադրյալ չկա, չէ՞ որ ժողովին, լրատվամիջոցների պնդմամբ, երկու հարյուրից մարդ էր մասնակցել, Գլխավոր դատախազն արձագանքեց. - «Գիտե՞ք իմ պատասխանը տալը ինչով ա վատ: Բոլորս լսել ենք, չէ՞, որոշակի խոսակցություններ: Եթե ես հիմա փորձեմ այդ հրապարակած սպառնալիքներին տամ իրավական գնահատականներ, դա ողջամտորեն կդիտվի որպես ներազդեցություն վարույթն իրականացնող քննիչի, այդ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ:

Ընտրախախտումների առավել աղմկահարույց՝ օրինակ, «ՍԱՍ»-ի ժողովի, «Զիբիլիքսի» գործերով, ըստ ՀՔԾ-ի, դեռևս մեղադրյալներ չկան, այնուհանդերձ Գլխավոր դատախազը այսօր վստահեցնում էր՝ իշխանությանը մոտ կանգնած անձինք չեն հովանավորվում։

«Զիբիլիքս» անունը ստացան «Ելք»-ի հայտնաբերած փաստաթղթերը, որոնք վկայակոչելով, ընդդիմադիրները պնդում էին, թե Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համատարած և կենտրոնացված բնույթ:

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ հետևում են աղմկահարույց գործերին, հետամուտ են լինելու ոչ պատշաճ քննության յուրաքանչյուր դեպքի. - «Մենք մեր ընտրական իրավունքը և մեր արտադատական իրավական պաշտպանության իրավունքը ու դատական պաշտպանության իրավունքը պաշտպանելու ենք հետևողականորեն: Ներկայացրել ենք վճռաբեկ բողոք, ներկայացնելու ենք Սահմանադրական դատարան գանգատ, ներկայացնելու ենք գանգատ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, օգտագործելու ենք ադվոկացիայի բոլոր գործիքները, որոնք տիրապետում են փաստաբաններն ու իրավապաշտպանները, գումարած` նաև քաղաքական գործիչները»: