Ընդդիմադիր «Ելք» դաշինքն ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի Սերժ Սարգսյանի ծրագիրը` 2018-ին արդեն վարչապետի պաշտոնում իր իշխանությունը երկարաձգելու համար:
«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են ժողովրդին մոբիլիզացնել՝ Սերժ Սարգսյանի ծրագիրը խափանելու համար։
«Ելք»-ը դեմ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նման բան լինի, և մենք մեզ հասու բոլոր միջոցները պիտի փորձենք կիրառել՝ նման զարգացումը կանխելու համար։ Հանրությանը կազմակերպելու, փողոց հանելու... էս ամեն ինչը գործընթացներ են, որոնք ժամանակի մեջ պետք է երևան՝ պատրա՞ստ է մեր հանրությունն այդ խնդրով փողոց դուրս գալու։ Եվ մենք, չսեղմվելով մեր հիմնական գաղափարական դաշինքի նախանշած ծրագրից, պատրաստ ենք լինելու նաև բոլոր արտահերթ գործընթացներին՝ դրանց տրամաբանության մեջ, դրանց հնարավորության սահմաններում», - ասաց Սարգսյանը։
Հարցին՝ եթե հանրությունը պատրաստ լինի, նաև միջոցառումներ կձեռնարկվե՞ն Սերժ Սարգսյանի՝ իշխանության մեջ մնալու ծրագիրը խափանելու ուղղությամբ, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Միանշանակ այո՛, որովհետև ես համարում եմ, որ իսկապես դա մեր երկրի վրա շատ ծանր կնստի, դա կլինի լճացման տարիներ, անհուսության տարիներ և հնարավորինս ամեն ինչ անել է պետք, հնարավորինս առանց լուրջ ցնցումների, նման զարգացումներ թույլ չտալու համար»։
Նշենք, որ անցած շաբաթ իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով արդեն վարչապետի պաշտոնում իշխանությունը երկարաձգելու Սերժ Սարգսյանի ծրագրերին, շեշտել էր, որ Հանրապետականը ետ կկանգնի այդ քայլից, եթե տեսնի, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալ փողոց:
«Գնդակը հանրության դաշտում է, և այս սցենարը կձախողվի միայն մի պարագայում, եթե Հանրապետականը տեսնի, որ ժողովուրդը, որի մի մասը թեկուզ ընտրակաշառքով գնացել և քվեարկել է Հանրապետականի օգտին, եթե տեսնի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց և թույլ չի տա խայտառակ այդ գործընթացը», - ասել էր Փաշինյանը։
«Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ Մարտի 1-ից հետո սա նույն կարգի կոպիտ սխալ է լինելու»
Արամ Սարգսյանի համոզմամբ, հանրությունը չի ուզում, որ Հայաստանը նմանվի Ղազախստանին կամ Ադրբեջանին։ Ընդդիմադիր գործչի փոխանցմամբ, եթե Սերժ Սարգսյանը գնա այդ քայլին, ապա դա վատ կընկալվի նաև արտաքին հանրության շրջանում:
«Ես շատ-շատ ուզում եմ, որ սա հասկանա Սերժ Սարգսյանը, որ տեղ հասնի, որ իր թիմին էլ տեղ հասնի», - ասաց նախկին վարչապետը։
Դիտարկմանը, թե անօրինական որևէ քայլ չի իրականացվում. Հանրապետականն ասում է, որ իրենք հինգ տարով վստահության քվեն ստացել են և իրենք են որոշելու, թե ով է լինելու իրենց վարչապետը, և նրանք որոշում են, որ լինելու է իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը և հարցին, թե հակադրելու ի՞նչ է ունենալու հանրությունն այստեղ, ի վերջո, այդ հանրությունն է գնացել և քվեարկել, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Նախ ասեմ, որ քվեն տրվել է 10 հազար դրամին՝ ոչ Հանրապետականին, և մենք շարունակելու ենք ցանկացած հարթակում դա պնդել, դա ակնհայտ է, այդ մասին խոսում ենք ոչ միայն մենք, խոսում են նաև եվրոպական դեսպանները։ Ակնհայտ է, որ մեր հանրության մոտ, նաև այսօրվա խորհրդարանի և Հանրապետականի, լեգիտիմության դեֆիցիտ կա։ Սերժ Սարգսյանի՝ նորից երկրի ղեկավար լինելու դեպքում, այդ դեֆիցիտն էլ ավելի է մեծանալու։ Այսինքն, մարդիկ սկսելու են մտածել, որ որևէ փոփոխության հույս չկա։ Կյանքը կփոխվի՞, թե չի փոխվի՞ Սերժ Սարգսյանից հետո, եթե ուրիշ մեկը լինի... գիտեք, երբ որ Կարեն Կարապետյանին բերեցին, մարդկանց որոշակի խմբեր հույսեր կապեցին չէ՞, ինչ-որ որոշակի փոփոխություններ եղան չէ՞, այս պարագայում դա էլ չի լինելու»։
Հարցին, թե կարծում է, որ Սերժ Սարգսյանը կգնա՞ այդ քայլին, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Շատ կուզենայի, որ չգնար, շատ կուզենայի մտածել, որ ինքը հասկանում է, որ ճիշտ քայլ չի, որ իր կենսագրության մեջ Մարտի 1-ից հետո սա նույն կարգի կոպիտ սխալ է լինելու»։
Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս չէր բացառել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է փողոցային պայքարի առիթ դառնալ, ինչն էլ հնարավոր է հանգեցնի «թավշյա հեղափոխության»:
Հովհաննիսյանն այս հարցում նաև համագործակցության առաջարկ էր արել` հորդորելով, իր իսկ խոսքով, պայքարել «սերժապետության դեմ»:
Հարցին, թե այս հարցում «Ելք»-ը կհամագործակցի՞ «Ժառանգության» հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց, թե նախ որոշ ճշգրտումներ են հարկավոր անել, մասնավորապես, արդյո՞ք թավշյա հեղափոխություն անելու ընթացքում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին որոշի գնալ առ Աստված աղոթելու, ինչպես դա արեց 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Բաղրամյան փողոցում:
«Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ինքը նախընտրեց առ Աստված դիմելու իր գործընթացը, որպեսզի ոչ մի մարդու արյուն չթափվի։ Թավշյա հեղափոխություններն իրենց մեջ այդ ռիսկայնությունը մշտապես ունեն։ Հիմա, եթե նման իրավիճակ առաջանա նորից, ասենք կնախընտրի նորից առ Աստված դիմելու, և ոչ թե փոփոխության գնալու», - ասաց Արամ Սարգսյանը։
Հավելենք, որ իշխող Հանրապետականի անդամ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, հեգնանքով հակադարձեց ընդդիմադիրների այն պնդումներին, թե 2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է ժողովրդի ընդվզման պատճառ դառնալ:
«Կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց առաջին մասով պետք է իմ ուրախությունը հայտնեմ, որովհետև տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողներն ասում էին՝ վաղը-վաղը, հիմա գոնե մի քանի ամիս դա հետաձգում են, դա ողջունելի է», - ասաց Հարությունյանը։