Վիգեն Սարգսյան․ Պատերազմի դեպքում ադրբեջանական պետականությունն անուղղելի հարված կստանա

Հայաստանի պաշտպանության նախարարը զենքի ցանկացած մատակարարում Ադրբեջանին շատ բացասական է դիտում:

«Գնալ լայնամասշտաբ պատերազմի՝ անմտություն կլիներ Ադրբեջանի կողմից»

Լայնամասշտաբ պատերազմի դեպքում ադրբեջանական պետականությունն անուղղելի հարված կստանա, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հավելեց, որ այդ պատճառով գրեթե վստահ է՝ լայնածաված ռազմական գործողությունների վերսկսումը անհնար է:

«Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով՝ որովհետև այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: Չկա այնպիսի զարգացում պատերազմական գործողությունների, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով, և ընդհակառակը՝ կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ և՛ իր տնտեսության, և՛ պետության համար», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը և շարունակեց. - «Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերազմի՝ այս իրավիճակում անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից»:

Սարգսյանի խոսքով՝ նշվածը, սակայն, չի բացառում, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են տարբեր սադրանքների դիմել սահմանին: Մոտ տասն օր առաջ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով հայկական Զինված ուժերը 4 զոհ ունեցան:

«Վերջին տաս օրվա ընթացքում, արդեն հաստատված տվյալներով մեր կողմից, ադրբեջանական կողմը ունի առնվազն հաստատված 8 զոհ, չհաստատված թիվը շատ ավելի մեծ է, այսինքն, չհաստատված ասելով՝ երբ մենք գիտենք, որ պատժիչ գործողությունը կատարվել է, կատարվել է արդյունավետ, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ: Այդ 8 զոհից դեռևս ոչ մեկ հուղարկավորված չի մեր տվյալներով, ադրբեջանական մամուլում որևէ լուր այդ 8 զոհի մասին մինչ օրս չկա», - ասաց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրերս հաղորդագրություն տարածեց՝ կից լուսանկարներով և տեսանյութով, ըստ որի՝ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ են հասել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ: Դրանք նախատեսված են ինչպես տանկերի, զրահապատ մարտական մեքենաների, այնպես էլ հակառակորդի ամրությունների ոչնչացման համար:

«Ազատություն»-ը պաշտպանության նախարարին խնդրեց ներկայացնել՝ ի՞նչ է մտածում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջան ռուսական սպառազինության չդադարող մատակարարումների մասին:

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով, այսինքն՝ նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության դժվար ենթարկվող երբեմն խնդիրների համադրմամբ: Եվ այդ առումով՝ լինի դա ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահին, այդ թվում՝ առաջիկա ապագայում», - հարցին արձագանքեց Վիգեն Սարգսյանը:

Պատասխանից անմիջապես հետո նախարարը հարկ համարեց անդրադառնալ հայ-ռուսական փոխգործակցությանը. - «Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մե՛ր ծրագիրը՝ դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական-ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը. մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում, այն, ինչ որ մենք գնում են, մենք գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ ներքին գներով Ռուսաստանի, և դա մեր համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման, նաև զենք ձեռք բերելու փոխգործակցության ծրագրերով»:

«Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում Ձեզ երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի Ձեր հետ», - շեշտեց Սարգսյանը:

Լրագրողներից մեկը, հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ իր դժգոհությունը արտահայտեց Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարման կապակցությամբ, հարցրեց՝ «կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը պարզապես անտեսում է Հայաստանի դժգոհությունը»: Պատասխանը հակիրճ էր. - «Ոչ, այդպես չեք կարող ասել»:

Սիրիա զինծառայողներ ուղարկելու հարց առայժմ չի քննարկվում

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը: Երեկ նախագահ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էին նաև մերձավորարևելյան իրադարձությունները: «Սիրիա լրացուցիչ՝ բացի հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրերի իրականացման հարց այս պահին չի քննարկվել, հատկապես՝ այնտեղ զորք ուղարկելու կամ զինծառայողներ ուղարկելու հարց երեկ չի քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում», - փոխանցեց պաշտպանության նախարարը՝ շարունակելով. - «Առհասարակ հնարավո՞ր է այդպիսի քննարկում, թե՞ չէ՝ ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու իմ հանրային հարցազրույցներից մեկում, ասելով, որ ես չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվի, երբ մենք ցանկություն ունենանք, որպես պետություն, մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Բայց, իհարկե, խոսքը չի գնում ժամկետային զինծառայողներով այնտեղ մասնակցելու մասին. ինչպես մեր բոլոր խաղաղապահ գործողություններին՝ միմիայն պայմանագրային զինծառայողներ և իրենց կամքով կարող են գործուղվել նման վայրեր: Դա է մեր քաղաքականությունը, և այդ քաղաքականությունը չի փոխվելու: Չեմ ակնկալում, որ առաջիկայում էդպիսի որոշում կայացվի»:

ՊՆ, ԶՈւ ԳՇ և զորքերի կառուցվածքը «լրջագույն ձևափոխման» է ենթարկվելու

Նախարարը նաև տեղեկացրեց՝ լրջագույն ձևափոխման է ենթարկվելու պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորքերի ընդհանուր կառուցվածքը: Այժմ քննարկումներ են, առաջիկա շաբաթներին այդ գործընթացը ամփոփվելու է: