Վիգեն Սարգսյան․ «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում»

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զենքի ցանկացած մատակարարում Ադրբեջանին շատ բացասական է դիտում: Այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Բաքվին Մոսկվայի կողմից սպառազինության վերջին մատակարարումների մասին «Ազատության» հարցին:

«Իմ մոտեցման և առհասարակ մեր մոտեցման մեջ որևէ բան չի փոխվել: Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով, այսինքն՝ նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության դժվար ենթարկվող երբեմն խնդիրների համադրմամբ: Եվ այդ առումով՝ լինի դա ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահին, այդ թվում՝ առաջիկա ապագայում», - ասաց նախարարը:

«Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մե՛ր ծրագիրը՝ դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական-ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը․ մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում, այն, ինչ որ մենք գնում են, մենք գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ ներքին գներով Ռուսաստանի, և դա մեր համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման, նաև զենք ձեռք բերելու փոխգործակցության ծրագրերով», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

«Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում Ձեզ երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի Ձեր հետ», - շեշտեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

Ասուլիսի մանրամասները տե՛ս այստեղ