ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել Պեդրո Ագրամունտին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր բանաձև ընդունեց, որը ճանապարհ է հարթում ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության մեխանիզմի ստեղծման համար:

ԵԽԽՎ պատգամավորները բանաձևն ընդունել են ձայների 154 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ով երեկ ընտրվել էր Վեհաժողովի փոխնախագահ, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ բանաձևն ընդունվել է՝ չնայած Արգամունտի կողմնակիցների դիմադրությանը․ - «Նրանք փորձում էին տարատեսակ՝ իբր իրավական սկզբունքների տակ թաքցնել իրենց իրական մոտիվացիան և փորձել տապալել զեկույցը: Դա չստացվեց, և զեկույցը այլևս իրականություն է, իրավական ընթացակարգերը նախատեսված են Խորհրդարանական վեհաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին հետ կանչելու համար»:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, Վեհաժողովում արդեն իսկ ստորագրահավաք է մեկնարկել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու և վաղը քվեարկություն անցկացնելու նպատակով․ - «Դեռևս այս պահին հստակ չէ՝ արդյոք դա կանցկացվի վաղը, թե ոչ, որովհետև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով պիտի քննարկման առարկա դարձնել ձայների 2/3 մեծամասնության առկայության հարցը»:

Վեհաժողովում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին՝ զրկելով նրան կառույցի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից:

Վեհաժողովի պատգամավորների զայրույթի պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Արդեն ապրիլին Ագրամունտին անվստահություն հայտնեցին, սակայն քանի որ ԵԽԽՎ-ի կանոնակարգն ընտրված պաշտոնյաների ազատման մեխանիզմներ չի ներառում, իսկ Ագրամունտը հրաժարական չի ներկայացնում, նա շարունակում է պաշտոնավարել:

Հայաստանում շատ քաղաքական գործիչներ Ագրամունտին ադրբեջանամետ են համարում և մեղադրում հակահայկական պահվածքի մեջ: Երևանում նրա հրաժարականի պահանջով անգամ բողոքի ցույց եղավ, իսկ միջազգային մամուլն էլ գրում էր նրա և Ադրբեջանի ղեկավարների միջև սերտ կապերի մասին։