«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին, թե արդյո՞ք իրատեսական է համարում համագործակցությունը կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի հետ։
«Անցնենք հաջորդ հարցին», - հարցին ի պատասխան՝ ասաց Մարտիրոսյանը։
Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ Փոստանջյանին ընդդիմություն համարո՞ւմ է, «Ժառանգության» փոխնախագահը կրկին նույն կերպ արձագանքեց. - «Անցնենք հաջորդ հարցին»։
Օրերս «Ժառանգություն»-ը հայտարարել էր ընդդիմության միավորման և թավշյա հեղափոխության պատրաստվելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը։ Նա հայտարարեց, որ իր համար անընդունելի է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելը:
«Ժառանգություն»-ը, հիշեցնենք, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, որը չհաղթահարեց 7 տոկոսի շեմը։
Փոստանջյանը ձևավորեց «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը Երևանու ավագանու ընտրություններում հինգ մանդատ ստացավ։