Ռուսաստանը՝ բրիտանական խորհրդարանի վրա հաքերային գրոհի հիմնական կասկածյալ

Չի բացառվում նաև Հյուսիսային Կորեայի, Չինաստանի կամ Իրանի միջամտությունը:

Բրիտանիայում շարունակում են քննել խորհրդարանի վրա անցած ուրբաթ օրվանից մինչև շաբաթ օրը տևած հաքերային հարձակման հանգամանքները:

Լոնդոնում լույս տեղնող The Guardian պարբերականի փոխանցմամբ, հիմնական կասկածյալը Ռուսաստանն է: Գրոհի արդյունքում ցանցահենները կոտրել են մոտ 90 օրենսդիրների էլեկտրոնային փոստերը:

Բրիտանիայի հատոկ ծառայությունները ենթադրում են, որ այդ հարձակումն իրականացրել է ոչ թե հաքերների մի փոքրիկ մեկուսի խումբ, այլ օտար պետություն:

«Առավել հավանական է, որ դա արել է Ռուսաստանը, թեպետ փորձագետները չեն բացառում նաև Հյուսիսային Կորեայի, Չինաստանի կամ Իրանի տարբերակները», - գրել են պարբերականի մեկնաբաններ Յուեն ՄըքԱսքիլն ու Ռաջիվ Սիյալը:

Հարձակման ենթարկված ցանցի օգտատերերի թվում են բարձրաստիճան օրենսդիրները, ներառյալ՝ վարչապետ Թերեզա Մեյը: Մասնագետների համոզմամբ, այդ ծավալի գրոհ կարելի է իրականացնել միայն պետության հզոր լծակների կիրառմամբ:

Բրիտանացի պատգամավորներն ասել են մամուլին, որ իրենց տպավորությամբ էլ՝ գրոհի հետևում կա՛մ Ռուսաստանն է, կա՛մ Հյուսիսային Կորեան: Այդ երկու պետությունները, ըստ Լոնդոնի, նախկինում փորձել են հաքերային հարձակումներ գործել:

«Այժմ հետաքննություն է ընթանում, հաքերները 9 հազար հասցեներից մոտ 1 տոկոսի հաշվեհամարներն են կոտրել, քանի որ դրանք ունեցել են խոցելի գաղտնաբառեր, որոնք չեն համապատասխանում խորհրդարանի համակարգչային ծառայության սահմանած նորմերին»,- ասել է մի անանուն պատգամավոր:

«Մենք հայտնաբերել ենք համացանցային կասկածելի ակտիվություն, որը վկայում է ձեր հաշվեհամարների վրա իրականացվող կիբերհարձակման մասին, մենք աշխատում ենք Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնի հետ և ձեռնարկում ենք միջոցներ խորհրդարանի ցանցը պաշտպանելու համար», - ասվում է Բրիտանիայի խորհրդարանի համակարգչային ծառայության կենտրոնի՝ օրենսդիրներին հասցեագրված նամակում:

«Զարմանալի չէ, որ այսպիսի գրոհ է տեղի ունեցել, զարմանալի չէ նաև այն պատճառով, որ մարդիկ չեն հետևում իրենց կիբերանվտանգությունն ապահովելու տարրական սկզբունքներին, չունեն համակարգչային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բարդության աստիճանի գաղտնաբառեր», - ասել է Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լայամ Ֆոքսը:

Sky News հեռուստակայանը նշում է, որ խորհրդարանի ցանցի վրա հաքերների գրոհի նպատակն էր կոտրել ամբողջ ցանցը, այլ ոչ թե առանձին պատգամավորների էլեկտրոնային փոստը:

The Times պարբերականն էլ հաղորդում է, որ դեռ անցած շաբաթվա ընթացքում կոտրվել են կառավարության որոշ պաշտոնյաների հաշվեհամարների գաղտնաբառերը: Ընդ որում, դրանք դրվել են էլեկտրոնային աճուրդի՝ նախ ցանցահենների ռուսալեզու մի ֆորումում, իսկ հետո վաճառքի առաջարկը տեղադրվել է բաց էջերում: