Թուրքիայի իշխանությունները միանշանակորեն պաշտպանում են Կատարի իշխանությունների հաստատակամությունը` արաբական պահանջը մերժելու հարցում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկ անգամ ևս աջակցություն հայտնելով Դոհայի որդեգրած դիրքորոշմանը:
«Արաբական պետությունների ներկայացրած 13 պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Որևէ մեկը չի կարող միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, մահմեդական մի շարք երկրներ այս ամիս խզեցին դիվանագիտական, տնտեսական կապերը Կատարի հետ՝ մեղադրելով երկրին ահաբեկչությունը սատարելու մեջ:
Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեցին Կատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ, Դոհային տալով 10 օր դրանք կատարելու համար։