Օրեր առաջ դատարանում զինված ապստամբության կոչեր հնչեցրած «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։
Ավետիսյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար: Այսօր Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցած չորեքշաբթի Ավետիսյանը նիստին մասնակցող քաղաքացիների և լրագրողների ներկայությամբ «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր» է հնչեցրել: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Արդեն իսկ մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող Վարուժան Ավետիսյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով` «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:
Ընդհանուր առմամբ «Սասնա ծռերի» գործով ավելի քան 60 մեղադրյալ է անցնում: Նրանք պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
Մանրամասները՝ քիչ անց