Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում այսօր բացվեց խորան, որը նման է Կաթոլիկ քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:
Կաթողիկե եկեղեցին տրամադրել էր այն սեղանը որի վրա Հռոմի պապը մատուցել էր պատարագը, ինչպես նաև Պապի այցը պատկերող լուսանկարներ:
Խորանի կողքին տեղադրվել էր այն խաչքարը, որը հատուկ պատրաստվել էր պատարագի համար:
Խորանի բացման նախաձեռնությունը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է: Ի դեպ՝ «Սև բերդի» տարածքը պատկանում է Բալասանյան ընտանիքին:
«Սրանով ես փորձեցի կերտել պատմություն՝ քաղաքի պատմություն: Որովհետև հազարամյակներ Հռոմի պապ չի եկել քաղաք և հազարամյակներ կարող է չգալ», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքապետը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հիշեցրեց Հռոմի պապի այցի կարևորության մասին և՛ Կաթոլիկ, և՛ Առաքելական եկեղեցիների համար:
«Հռոմի սրբազան քահանայապետը չեկավ միայն կաթողիկե համայնքի համար, այլ եկավ նաև եղբայրական սերը արտահայտելու Առաքելական եկեղեցու հետևորդների մեծ բանակի հանդեպ», - նշեց եպիսկոպոս Աջապահյանը:
Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ռաֆայել Միանասյանը շատ կարճ խոսեց․ - «Շարունակենք հիշատակությունը այդ խոնարհ, պարզ, սրբակենցաղ, սրբազան քահանայապետին, որ մեզի հաճեցավ գալ իր սերը և գուրգուրանքը հայտնելու՝ որպես առաջին քրիստոնյա ազգ՝ հայեր: Մաղթանքս է բոլորին, որ այդ սիրո կայծը շարունակի աճել մեր մեջ, որպեսզի դառնանք մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի, մեկ հայրենիք»: