Վարչապետ․ Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը

Ազգային ժողովի կողմից Կառավարության 2017-22 թվականների ծրագրի հաստատումից հետո այսօր վարչապետ Կարապետյանը գործադիրի առաջին նիստն էր վարում, որը սկսելուն պես հանձնարարեց գերտեսչություններին մշակել 5-ամյա ծրագրից բխող անելիքները։

«Մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, ցանկում ներառված միջոցառումների կատարողականների ընթացքի վերաբերյալ եռամսյակային կտրվածքով ներկայացնել կառավարության աշխատակազմ: Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով՝ 6-օրյա մինիմում աշխատանքային ռեժիմ շաբաթական», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ընտրել է ոչ հեշտ, բայց կյանքի որակը փոխող ճանապարհ. կապահովեն տնտեսական զգալի աճ, աղքատության գրեթե կիսով չափ կրճատում, արտահանման ծավալների աճ, օտարերկրյա ներդրումների շեշտակի բարձրացում։

Ներդրումների մասին Կարապետյանը խոստում էր տվել նաև Հանրապետական կուսակցության քարոզարշավի ընթացքում՝ նշելով, որ 2017-ին գրեթե 850 միլիոն դոլար ներդրում Հայաստանում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է, այդ գումարի «մոտավորապես 37-40 տոկոսն» արդեն իրականացվել է, սակայն չի մասնավորեցնում, թե որ երկրների և ինչ ընկերությունների կողմից։

«Անուններ, դա առևտրային գաղտնիք ա, մենք իրավասու չենք հրապարակել», - փաստարկեց նախարարը:

Կառավարության ծրագրի քննարումներին ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ Հայաստան ներդրումներ բերելու մասին խոսող Կառավարության ղեկավարը եվրոպական այցեր չի կատարել, թեև, համաձայն 5-ամյա ծրագրի, պատրաստվում է զարգացնել բարձր տեխոնոլոգիական ոլորտը, խթանել նորարար տեխնոլոգիաների ներդրումը երկրում և այլն։

«Գիտությունը, առաջադեմ մոտեցումը որտե՞ղ է, եթե ոչ Արևմուտքում», - նշում էր Մարուքյանը։ - «Արդյո՞ք Դուք փորձել եք այս կազմակերպել, չի ստացվել, թե՞ Դուք չեք էլ ուզեցել այց կազմակերպել և բավարարվել եք Ղրղըզստան, Թուրքմենստան, Բելառուս և Մոսկվա այցելություններ կատարելով Ձեր վարչապետության տասը ամիսների ժամանակահատվածում: Շատ կարևոր հանգամանք է սա և շատ մտահոգիչ: Այսինքն՝ ի՞նչ է արվում, որ էդ ներդրումները գան, ո՞վ պետք ա գնա, էդ մարդկանց հանդիպի, որ էդ ներդրումները բերի, ո՞վ ա դրանով զբաղվելու: Եթե էստեղ միջավայր չկա, էդ միջավայրը Դուք ուզում եք փոխել․․․ հետո էդ միջավայրը ներկայացնող չկա: Ի՞նչ է, մեր դեսպաննե՞րն են փորձելու էդ ներդրումները բերեն»:

Նախարար Կարայանը, սակայն, վստահ է, որ աշխատանքային այցերով Եվրոպա չմեկնելը դեռ ոչինչ չի նշանակում․ - «Չէ՞ որ մենք ձեզ արդեն լուսաբանել ենք, որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել և բազմաթիվ գործընկերներ հենց եվրոպական երկրներից այցելում են Հայաստանի Հանրապետություն: Մի քանի օր առաջ ֆրանսիացի մեր գործընկերներն էին, նրանք ներդրումներ կիրականացնեն մեր թեթև արդյունաբերության ոլորտում և պատվերներ կիջեցնեն: Երկուշաբթի օրը կժամանեն Դանիայի մեր գործընկերները․․․ Այնպես որ, այդ լուրերը հիմնավորված չեն»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը օրերս «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում մեծածավալ ամերիկյան ներդրումների համար անհրաժեշտ է ազատ մրցակցության և բաց շուկայի ապահովում:

Սուրեն Կարայանը վստահեցնում է՝ ազատ մրցակցային պայմաններ երկրում կա՛ն․ - «Այդ պայմանները կան, բայց դա այն գործընթացն է, որ մենք անընդհատ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում»:

Մինչ ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում է, թե ինչու է Հայաստանի կառավարությունը պասիվ Արևմուտքի երկրներից ներդրումներ բերելու և համագործակցելու հարցում, տնտեսագետները կասկածի տակ են առնում նախարարի պնդումը, թե Հայաստանում այս տարի արդեն գրեթե 400 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել:

Ըստ մեկնաբան Հայկ Գևորգյանի, ահռելի այդ գումարը երկրի տնտեսությունում պարզապես տեսանելի չէ․ - «Եթե այսօր նախարարները կանգնեն ու հայտարարեն, որ Հայաստանում եղել է 10 միլիարդ դոլարի ներդրում մի ամսվա ընթացքում, մենք չենք կարող դա ստուգել, որովհետև ներդրումների մասին պաշտոնական տեղեկատվությանը տիրապետում են միայն պետական մարմինները: Ես շատ ուրախ կլինեի, եթե Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեր հատիկ-հատիկ բոլոր ներդրումները՝ ըստ ձեռնարկությունների, ըստ երկրների, թե որ ոլորտներում և որ ձեռնարկություններում են հատկապես եղել»: