Թրամփը պնդում է՝ «ռուսական գործով» հետաքննությանը չի խոչընդոտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե չի խոչընդոտել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության շուրջ հետաքննությանը, ինչպես նաև չի ձայնագրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) այժմ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հետ տվյալ թեմայով զրույցը:

Հետաքննությունը գլխավորող Քոմին Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո պաշտոնանկ արվեց, Սպիտակ տան ղեկավարն իր այդ որոշումը բացատրեց Քոմիի անարդյունավետ աշխատանքով: Այս պաշտոնանկությունը Միացյալ Նահանգներում քննադատության ալիք բարձրացրեց: Ընդդիմախոսները Թրամփին մեղադրեցին հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

«Լսեք, չի եղել արդարադատության որևէ խոչընդոտում, չի եղել ոչ մի դավադրություն», - Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը ամերիկյան հեռուստաընկերությունը խոստանում է հրապարակել այսօր օրվա վերջին:

Երեկ Թրամփը հավաստիացնում էր, թե տեղյակ չէ Քոմիի հետ իր զրույցի ձայնագրության մասին, մինչդեռ անցած ամիս հակառակն էր պնդում՝ ասելով, թե ձայնագրությունները կարող են հերքել իրադարձությունների վերաբերյալ ՀԴԲ նախկին տնօրենի ներկայացրած տարբերակը: «Գաղափար անգամ չունեմ՝ գոյություն ունե՞ն արդյոք «ժապավեններ» կամ Ջեյմս Քոմիի հետ իմ զրույցների ձայնագրությունը, բայց ես չեմ արել և չունեմ նման ձայնագրություններ», - Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը:

Քոմիի գրավոր վկայության համաձայն՝ ինքը ճնշման է ենթարկվել Թրամփի կողմից, ով, ըստ ՀԴԲ նախկին տնօրենի, հորդորել է դադարեցնել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի և ռուսների կապերի գործով հետաքննությունը: Այս հայտարարություններից հետո Թրամփը Թվիթերում գրեց, թե «Քոմին լավ կաներ հույս ունենար, որ մեր խոսակցությունները չեն ձայնագրվել»:

Fox News-ի հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը մտահոգություն է հայտնել Ջեյմս Քոմիի և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մտերիմ հարաբերություններով, որը ըստ էության փոխարինում է Քոմիին ռուսական հետքի շուրջ հետաքննությունը գլխավորելու գործում: «Նա և Քոմին շատ լավ ընկերներն են, ինչը շատ մտահոգիչ է», - հայտարարել է Թրամփը:

Կրեմլը հերքում է ամերիկյան հատուկ ծառայությունների պնդումները, թե Ռուսաստանի փորձել է ազդել ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրությունների վրա՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը ապահովելու նպատակով: Թրամփը, իր հերթին, բազմիցս հերքել է Մոսկվայի հետ հնարավոր դավադրության մասին մեղադրանքները: