Ամերիկացի պաշտոնյա․ Ռուս հաքերները թիրախավորել էին 21 նահանգների ընտրական համակարգերը

ԱՄՆ - Ներքին անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ջինեթ Մանֆրան Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2017թ․

2016 թվականի նախագահական ընտրություններին նախորդող շաբաթներին ամերիկյան 50 նահանգներից 21-ի էլեկտրոնային քվեարկության համակարգերը ենթարկվել են ռուսաստանցի հաքերների հարձակումներին: Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարեց ամերիկյան ամենաազդեցիկ ուժային գերատեսչություններից մեկի` Ներքին անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ջինեթ Մանֆրան` Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ:

«Այս պահին, մեր տրամադրության տակ գտնվող ապացույցներից ելնելով` մենք կարող են պնդել, որ հաքերային հարձակումների թիրախ էին հանդիսանում թվով 21 նահանգների ընտրական համակարգերը», - հայտարարում էր Մանֆրան:

Բարաք Օբամայի օրոք Ներքին անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ջեյ Ջենսոնը երեկ կայացած լսումների ժամանակ նշում էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները անցած տարի արդեն որևէ կասկած չունեին, թե ովքեր են թաքնված քվեարկության էլեկտրոնային համակարգերի դեմ հաքերային հարձակումների թիկունքում:

«2016 թվականին Ռուսաստանի կառավարությունը` անձամբ Վլադիմիր Պուտինի ուղղակի հրահանգով, կիբերհարձակումների շարք կազմակերպեց` նպատակ ունենալով ազդել ամերիկյան ընտրությունների վրա: Դա փաստ է` պարզ և հստակ», - հայտարարում էր Ջոնսոնը:

Ամերիկյան օրենսդիր մարմնում կազմակերպված լսումներին մասնակցող մեկ այլ ազդեցիկ պաշտոնյայի` Հետաքննությունների դաշնային բյուրոյի հակահետախուզության վարչության փոխտնօրեն Բիլ Փրիստափի պնդմամբ էլ՝ հաքերային հարձակումները հստակ նպատակ էին հետապնդում:

«Ըստ իս, [հարձակումների] հիմնական նպատակը հանրության պառակտումն ու ընտրությունների ապալեգիտիմացումն էր: Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունների աշխատակիցները նաև կարծում են, որ այս հարձակումների մյուս նպատակը Հիլարի Քլինթոնի վարկաբեկումն էր և դրա միջոցով գործող նախագահ Դոնալդ Թրամփին աջակցություն ցուցաբերելը», - հայտարարում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը:

«Այս բացահայտումներին զուգահեռ, սակայն, ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ընդգծում են, որ ռուսական կողմն ի վիճակի չի եղել հաքերային հարձակումների միջոցով ազդել քվեարկության արդյունքների վրա: Նրանք պարզապես տեղեկատվություն էին հավաքագրում և հրապարակում՝ հանրության ուշադրությունը շեղելու և անորոշության զգացում սերմանելու նպատակով», - անցած գիշեր հեռարձակված ռեպորտաժում պնդում էր CNN հեռուստաընկերությունը:

Ուշագրավ է, այդուհանդերձ, որ ամերիկյան հատուկ ծառայություններն առայժմ չեն բացահայտում, թե հատկապես որ նահանգների քվեարկության էլեկտրոնային համակարգերն են Մոսկվայի կողմից ուղղորդվող հաքերների հարձակման թիրախ հանդիսացել: Ներքին անվտանգության ծառայության փոխտնօրեն Ջինեթ Մանֆրան պնդում է, որ այդ տվյալները չեն հրապարակվում հանցագործության թիրախ դարձած անձանց և կազմակերպություններին պաշտպանելու համար: Նրա այս պնդումն առաջացրեց Հետախուզության հարցերով հանձնաժողովի առաջատար անդամներից մեկի՝ դեմոկրատ Մարկ Ուորների վրդովմունքը:

«Ես չեմ կարծում, որ մեր երկիրն ավելի անվտանգ կդառնա, եթե Դուք փորձեք տեղեկատվություն թաքցնել ամերիկյան հանրությունից», - հայտարարում էր դեմոկրատ սենատորը:

Մինչ օրս ամերիկյան միայն երկու նահանգների` Արիզոնայի և Իլինոյսի պետական կառույցներն են հաստատել, որ իրենց տարածքում գործող էլեկտրոնային քվեարկության համակարգերը անցած տարի ենթարկվել են հաքերային հարձակումների: Իսկ Bloomberg-ի տեղեկություններով՝ 2016-ի նախագահական ընտրությունների նախաշեմին կիբերհարձակումների թիրախ է հանդիսացել ամերիկյան նահանգների գրեթե 80 տոկոսը: Գործակալության տվյալներով՝ ռուսաստանցի հաքերները հարձակումներ են իրականացրել 39 նահանգներում գործող էլեկտրոնային քվեարկության համակարգերի վրա: