Ռյաբկով․ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է Օբամայի քաղաքականությունը

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Նոր պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակում է Բարաք Օբամայի քաղաքականությունը, «որը միտված է կազմաքանդելու մեր երկրների միջև հարաբերությունները», հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետի պնդմամբ՝ պաշտոնական Վաշինգտոնի գործողությունները «կտրուկ արժեզրկում են երկխոսությունը շարունակելու խոստումները»:

Հիշեցնենք, ի պատասխան ամերիկյան նոր պատժամիջոցների, որոնց ցանկում Ռուսաստանի 38 ընկերություններ են և անհատներ, Կրեմլը չեղարկել է Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի հետ, որը նախատեսված էր վաղը Սանկտ Պետերբուրգում: