Դատավորը սանկցիաներ կիրառեց «Սասնա ծռերի» անդամների ու նրանց փաստաբանների նկատմամբ

Ողջ օրվա ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը նաև հինգ անգամ ընդմիջեց նիստը:

Անցած ամռանը ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամների գործով դատական երկրորդն նիստն այսօր ավարտվեց մի շարք սանկցիաների կիրառմամբ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը առանց իր թույլտվության խոսելու համար դատարանի դահլիճից հեռացրեց զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին։ Երբ դատավորը հայտարարեց, որ օրենքով կարող են իրեն ինքնաբացարկ հայտարարել, Եղիազարյանն իր հերթին հակադարձեց՝ իրենք դեռ մեկ տարի առաջ են բացարկ հայտնել ողջ իշխանությանը․ - «Եթե ամբողջ համակարգին բացարկը հայտնել ենք, ի՞նչ կարիք անհատապես բոլոր դատավորներին բացարկ հայտնենք»:

Հաջորդ սանկցիան ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվեց: Նախազգուշացում ստանալուց հետո էլ Ավետիսյանը շարունակեց առանց դատավորի թույլտվության խոսել։

Ավետիսյանը, ով զինված խմբի կազմում 11 ամիս առաջ, իր պնդմամբ՝ ապստամբության փորձ էր արել, այսօր դատարանում զինված ապստամբության կոչ արեց։ Դրան հետևեց նրան դատարանից հեռացնելու՝ դատավորի որոշումը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաև «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի նկատմամբ, Գագիկ Եղիազարյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբանների նկատմամբ։ Իրենց պաշտպանյալներին դահլիճից հեռացնելուց հետո փաստաբանները հրաժարվեցին մասնակցել նիստին։ Դատավորը ասաց, որ փաստաբաններ Տիգրան Եգորյանի ու Մուշեղ Շուշանյանիդեմ պատրաստվում է բողոք ներկայացնել Փաստաբանների պալատ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու։

Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ դատավորի որոշումները ապօրինի են․ - «Այսօրվա ընթացքում տեղի ունեցած բոլոր դատական նիստերը ի սկզբանե եղել են ապօրինի: Քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է, որ եթե մեղադրյալը ունի պաշտպան, պաշտպանի մասնակցությունը դատական նիստերին, գործի քննությանը պարտադիր է: Մենք գիտենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը այսօրվա դատական նիստին չի ներկայացել: Նա իրականացնում է Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը: Ես չներկայանալու պատճառների մասին տեղեկացված չեմ, բայց փաստ է, որ նա չի ներկայացել: Այսինքն դատական նիստը բացելուց հետո առաջին քայլը, որ դատարանը պարտավոր էր անել, դա ճշտելն էր՝ արդյո՞ք ներկա են դատավարության բոլոր մասնակիցները, որոնց մասնակցությունը օրենքի ուժով պարտադիր է համարվում, նոր շարունակել դատական նիստը»:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» 14 անդամները՝ Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և մյուսները, անցած տարի հուլիսին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել:

Ընդհանուր առմամբ «Սասնա ծռերի» գործով ավելի քան 60 մեղադրյալ է անցնում: Նրանք պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Նախորդ նիստը, հիշեցնենք, անցկացվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ վայրի փոփոխությունը պայմանավորված է փաստաբանների բողոքով, որ դահլիճը փոքր է և հարմար չէ:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այն դահլիճը, որտեղ անցավ այսօր նիստը, երկու հատվածի է բաժանված ապակյա միջնորմով, և դահլիճում ներկաները չէին լսում դատավարության մասնակիցներին՝ դատավորին, դատախազներին, ամբաստանյալներին: Մարդիկ բարձրաձայնեցին իրենց բողոքը, աղմուկ բարձրացավ, և դատավորն ընդմիջեց նիստը:

Ինչպես նախորդ նիստից առաջ, այսօր ևս ոստիկանները մարդկանց ներս էին թողնում միայն զննության ենթարկելուց, անձնագրային տվյալները գրանցելուց հետո: Փաստաբաններից ոմանք կրկին հրաժարվեցին զննությունից և չկարողացան մուտք գործել դատական նիստերի դահլիճ: Առաջին ընդմիջումից հետո նրանց, այդուհանդերձ, թույլ տվեցին առանց զննության անցնելու մասնակցել նիստին:

Բացի ոստիկանության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից, այսօր դատարանում էին նաև «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը:

Եղնուկյանը, ըստ նախաքննական մարմնի, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք անձանց բանտերից ազատ արձակելու պահանջներ է ներկայացրել, դրանից հետո էլ տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուն և պատանդներին պահելուն։

Խաչատուր Գիչյանը «Սասնա ծռերի» անդամների և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման համար պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ խոստացել է, իսկ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր բեռնատար ավտոմեքենան՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր արարքի կատարմանը։

Հաջորդ դատական նիստը հունիսի 28-ին է։