Ադրբեջանից ներգաղթածներն «ահավոր պայմաններում են ապրում», իշխանությունը հակադարձում է՝ փող չկա

Թամրանյանների ընտանիքը 30 տարի է՝ բնակվում է երևանյան խարխուլ հանրակացարաններից մեկում

30 տարի առաջ Բաքվից ներգաղթած Թամրանյանների ընտանիքն այժմ մեկ երազանք ունի՝ բնակարան ունենալ և ապրել մարդկային պայմաններում։ Արդեն երեք տասնամյակ 5 հոգով երևանյան հանրակացարաններից մեկում են բնակվում, մեկ սենյակում: Ընտանիքի ամենաավագը՝ տիկին Մարգոն վերհիշում է՝ երբ Ադրբեջանում սկսվեց «կոտորածը», անմիջապես փախան Հայաստան։ Եկան, հայրենիքում ապաստան գտան, հույսով, որ կյանքն այստեղ կբարելավվի։ Բայց մինչև օրս հանրակացարանից դուրս գալ չի հաջողվել։

«30 տարի ա՝ էս վիճակում ենք, ոչ բաղնիք ունենք, ոչ ջուր ունենք, ոչ մեկը մեզ տեղ չի տալիս»,- ասում է Մարգո Թամրանյանը: Ծեր կինը, նրա դուստրը, երկու թոռներն ու նրանցից մեկի կինը միասին են ապրում։ Վարագույրով փորձել են սենյակում հատվածներ առանձնացնել, բայց չի ստացվել: Տունը փոքր է, տրտնջում է 88-ամյա կինն ու հավելում՝ «տան դարդից թոռս երեխա չի ունենում»։

Թոռներից մեկը տանն էր, բայց նկարահանվելուց հրաժարվեց: Մայրը՝ Ռիմա Աբրահամյանն ասաց՝ որդին ամաչում է, որ նման պայմաններում է ապրում: Ռիմա Աբրահամյանը պատմում է՝ 2003 թվականին հանրակացարանը վաճառվել է, սեփականատերն էլ թույլ չի տալիս որևէ փոփոխություն անել։ Վարչապետին ուղղած վերջին գրության պատասխանն էլ եկել է տարածքային կառավարման նախարարությունից։ Այնտեղից հույս չեն տվել, ասել են՝ մինչև 2019 թվականը բնակարան տրամադրելու գումար չկա: «Կարծես, ոչ թե ապրում ենք, այլ գոյություն ենք քարշ տալիս, ոչ մի բանի իրավունք չունենք, անգամ ամաչում ենք, երբ մեր տուն հյուր է գալիս»,- ասում է նա:

Բնակության համար հանրակացարանի պայմաններն ահավոր են, բողոքում են փախստականները։ Ջուր չունեն, գազ չկա, սանհանգույցն ընդհանուր է, ճիշտ այնպես, ինչպես բոլոր նմանատիպ հանրակացարաններում։ Պատմում են ու զայրանում՝ 21-րդ դարում, ո՞վ է տեսել նման կենցաղ։ «Մեր հայրենիքը մեզ վրա թքած ունի: Մենք գոյություն չունենք, մտածում ենք՝ եթե այստեղ ոչ մեկին պետք չենք, պետք է փախնենք և վերջ»,- ասում է փախստականներից մեկը։

Հանրակացարանի բնակիչները պատմում են, որ մի քանի անգամ եկել, հաշվառել ու խոստացել են լուծել բնակարանի խնդիրը։ Բայց այդպես էլ խոստումն իրականություն չի դարձել։ Իրենց հանրակացարանում 26 ընտանիք է ապրում, «26 տարի քնում ու արթնանում ենք սեփական բնակարանի մասին երազելով»։

Վիճակագրական տվյալներով, այսօր Հայաստանում ապրող՝ Ադրբեջանից բռնագաղթած փախստականներից առավել կարիքավոր է համարվում 903 ընտանիք, որոնցից 649-ը Երևանում, 254-ը մարզերում։ Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն «Ազատությանն» ասաց, որ նրանց խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է մոտ 20 միլիոն դոլլար, իսկ պետությունն այդքան գումար չունի։ Նրա խոսքով, 2005-2009 թվականներին պետական ծրագրի իրականացումից հետո անշարժ գույք ձեռք բերելու համար վկայագրեր այլևս չեն տրամադրվում, քանի որ Ազգային ժողովը չի հաստատել համապատասխան բյուջե։

Ըստ Եգանյանի, 2005-2009 թվականներին նշված ծրագրով սերտիֆիկատ է ստացել 1100 ընտանիք։ Թե երբ պետությունն ի վիճակի կլինի վերսկսել ծրագիրը, անհայտ է՝ հավելում է պաշտոնյան: