Վերջերս Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության օրհներգին և ասել, որ այն առանձնապես ոչինչ չի ասում: Ազնավուրը հնարավոր է համարել, որ իր և Կարվարենցի համահեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգը դառնա Հայաստանի նոր օրհներգը:
Ազնավուրի այս կարծիքը չեն կիսում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Նրանք, իհարկե, գտնում են, որ «Քեզ համար, Հայաստանը» հրաշալի երգ է, բայց այն գրվել է մի մեծ ողբերգության՝ Սպիտակի երկրաշարժի կապակցությամբ, այդ օրերին և բոլորովին այլ թե՛ երաժշտական, թե՛ բանաստեղծական թեմատիկ շեշտադրումներ ունի:
«Ինձ թվում ա, էդ երգը նպատակային երկրաշարժից տուժածների համար էր արված, որ աշխարհը ինչ-որ ձևով համախմբվի և օգնություն հատկացնի: Ինձ թվում ա, այդ երգի տրամադրությունը և ստեղծման բուն նպատակը չի համապատասխանում օրհներգի: Շատ գեղեցիկ երգ ա, բայց դա օրհներգի համար չի», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտավազդ Բայաթյանը:
Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ Ազնավուրը, որպես մեծ երաժիշտ, վստահաբար հենց այնպես չի անդրադարձել այս խնդրին․ - «Մեր հիմնի նկատմամբ իր կարծիքն էլ ա, չէ՞, բացասական: Մենք արդեն մի սխալ գործել ենք, նախկինում 1918 թվին ընդունված այդ տարբերակը հիմն դարձնելով, հիմա էլ երկրորդ սխալը կգործենք: Մեր օգտագործվող հիմնը շատ թույլ է իր էությամբ, ազդեցությամբ, դրա համար էլ խոսակցությունների նյութ է դառնում: Եվ Շառլի կարծիքը մի անգամ ևս մեզ ստիպում է, որ մենք մտածենք էդ մասին: Որովհետև եթե կարգին հիմն ունենային, երբեք Շառլը նման բան չէր ասի»:
Երկու արվեստագետներն էլ համոզված են, որ Հայաստանի Հանրապետության նոր օրհներգ է պետք, բայց այս անգամ իշխանությունները շատ լուրջ մոտեցում պիտի ցուցաբերեն այս խնդրի հանդեպ։ Արտավազդ Բայաթյանի համոզմամբ՝ օրհներգը «ազնվության և հավերժության կատեգորիա պետք ա մեզ հուշի»․ - «Դա կարևոր բան ա: Որ մենք հասկանանք, որ մենք կանք, մենք լինելու ենք: Բացի դրանից, որ մենք ձգտում ենք դեպի լավը, դեպի ազնիվը, դեպի կատարյալը․․․ Պարտադիր ատրիբուտներ են՝ դեպի լուսավորը, այլ ոչ թե նվնվալ ու եսիմ ինչեր անել․․․ Մեր տնտեսությունը պետք է երևա՝ թե ինչ ենք անում, պետք երևա մեր զենքը՝ որ մենք մեզ իրավունք ունենք և կարող ենք պաշտպանել, ոչ թե սրա-նրա վրա հույս դնենք, և գովերգենք մեր երկիրը, որպես Աստծու կողմից մեզ պարգևված մի տեղ, որ միակ տեղն ա, որ մենք կարող ենք մեր ունակությունները ռեալիզիցիա անենք»:
«Հիմնը պետք է համախմբող, ոգեշնչող իմաստ ունենա: Նաև դա խորհուրդ է հետագա սերունդների, ապրողների համար: Ես երաժիշտ չեմ․․․ բայց որ մենք հիմնը իհարկե արժանի չի մեր երկրին ու ժողովրդին, դա էլ է ակնհայտ: Հրաշալի հիմներ ունեինք՝ և՛ Խաչատրյանի, և՛, ասենք, թեկուզ «Հայաստան, երկիր դրախտավայրը», որոնք կարող էին հրաշալի լինել [որպես օրհնենգ]: Խաչատրյանի հիմնը, ինձ թվում ա․․․ էնտեղ տեքստի մեջ ընդամենը մի բառ ա՝ «սովետական» բառ կա էնտեղ, մնացած ամբողջը էնքան հրաշալի տեքստ ունի, որ կարելի է ընդամենը մի բառ փոխել», - նշեց Շահումյանը:
«Մեր քաղաքական գործիչները, մեր ղեկավարները, նույնիսկ նրանք էդ հիմնի տեքստը չգիտեն, ու ոչ մի անգամ չեմ տեսել, որ բերանները բացեն երգեն․․․ Չեն էլ երգում․․․ Էդ օրհներգը մեր համար ա՞ գրվել: Ես համամիտ եմ․ երբ որ ցանկացած հարց կուսակցականացվում ա, արմատից, արդեն քոքից փչանում ա․․․ Մենք ունենք երկիր, կուսակցություններն են դրա մեջ, ոչ թե երկիրն ա կուսակցության մեջ», - հավելեց Բայաթյանը:
Ի դեպ, օրհներգը փոխելու շատ լուրջ փորձ է արվել դեռ 2006 թվականին․ անգամ Տիգրան Մանսուրյանը Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հանրահայտ բանաստեղծության բառերով օրհներգ գրեց, որը շատերին էր հիացրել, բայց այդպես էլ ոչինչ չփոխվեց:
Արտավազդ Բայաթյանի կարծիքով, դա երկու պատճառ ուներ․ - «Նախ, պետք է պետական մտածողություն ունենալ, և երկրորդը, պետք է հայրենասեր լինել՝ դրա ճիշտ, պարզ իմաստով: Ոչ թե ազգայնամոլ, այլ հայրենասեր լինել, որը պարունակում ա իր մեջ շատ կարևոր արժեքներ ու հոգսեր»:
Հաղթանակ Շահումյանը հավելեց․ - «Պետք է քաջություն ունենալ, ինչ-որ մեկը վերցնի իր վրա, կամ իշխանությունները և այդ քայլին գնալ: Եվ դա պետք է պատճառաբանված լինի: Ոչ թե էլի, էսպես ասած, իրանց ճաշակով ղեկավարվեն, այլ մասնագետների կարծիքը հաշվի առնելով, մեր հիմնը, մեր խորհրդանիշները դարձնեն մեր ժողովրդին, մեր պետականությանը օգտակար»: