Առաջիկա ժամերին Սպիտակ տանը կկայանա Թրամփ-Պորոշենկո հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա ժամերին Սպիտակ տանն ընդունելու է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին: Սա կլինի նրանց առաջին հանդիպումը:

Սպիտակ տունը հայտնել է, որ Պորոշենկոն Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպելու է հունիսի 20-ի առավոտյան:

Թրամփ-Պորոշենկո հանդիպումը Կիևը ծայրահեղ կարևոր է համարում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Ուկրաինայի հարաբերությունները զարգացնելու համար:

Պորոշենկոյի առաջին հանդիպումը Թրամփի հետ կայանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հնարավոր հանդիպումից առաջ: Ակնկալվում է, որ Թրամփը մասնակցելու է Գերմանիայում, Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին, որտեղ հնարավոր է Թրամփի ընտրվելուց հետո առաջին անգամ հանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարները:

«Դա շատ կարևոր է, որ իմ, Ուկրաինայի նախագահի հանդիպումը Սպիտակ տանն ավելի վաղ լինի, քան Պուտինի հետ հանդիպումը», - ասել է Պորոշենկոն, ով արդեն գտնվում է Միացյալ Նահանգներում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ անհրաժեշտություն չեն տեսնում մրցավազքի մեջ մտնել, թե ԱՄՆ-ին ով առաջինը կներկայացնի Ուկրաինայի իրավիճակը:

«Ուկրաինայի խնդրի կարգավորման իրական իրավիճակի տեղեկատվությունը Վաշինգտոնին լավ հայտի է, և, ցանկության դեպքում, Վաշինգտոնում հեշտությամբ կարող են ծանոթանալ բոլոր նրբություններին, բոլոր պարտականություններին, որոնք Մինսկում ստորագրված համաձայնագրերին համապատասխան դրված են Կիևի վրա», - ասել է Պեսկովը:

Նա հույս է հայտնել, որ բարձր մակարդակի այդ շփումներն ամերիկացի գործընկերները կօգտագործեն, որպեսզի ուժեղ ազդանշաններ ուղարկեն Կիևին Մինսկի համաձայնագրերն իրականացնելու անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Թրամփ-Պորոշենկո հանդիպման մասին նշել է, որ այն վերաբերում է Ամերիկա-Ուկրաինա երկկողմ հարաբերություններին, և որ դա երկու երկրների ինքնիշխան գործն է:

Պետրո Պորոշենկոն Միացյալ Նահանգներում հանդիպելու է նաև Պետդեպարտամենտի, Պենտագոնի, առևտրի և էներգետիկ ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Երբեք այսպիսի հագեցած այցելություն չէր եղել: Այսպիսի հնարավորություն՝ խոսելու անվտանգության, քաղաքական և տնտեսական ոլորտներում մեր համագործակցության մասին», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Պորոշենկոն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Սենատի որոշումը, ասելով, թե դա քաղաքակիրթ մեխանիզմ է՝ ստիպելու ագրեսորին հեռանալ Ուկրաինայից և դուրս բերել զորքն ու զինտեխնիկան:

Անցած շաբաթ Սենատը քվեարկեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու պատճառով: Սենատը նաև ԱՄՆ-ի նախագահին ստիպում է նախքան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու որոշում ընդունելը, դրանք վերանայելն անպայման ստանալ Կոնգրեսի հավանությունը:

Այս տարվա հունիսի 13-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը փաստում է, որ 2014 թվականի ապրիլից Ուկրաինայում սկսված հակամարտության արդյունքում առնվազն 10 հազար 90 մարդ է զոհվել, ներառյալ 2 հազար 777 քաղաքացիական անձինք: