Միջնորդները կողմերին հորդորում են «ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփել են տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ունեցած հանդիպումները:

Հայտարարությունում նշված է, որ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին, ամերիկացի Ռիչարդ Հոգլանդը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին այցելել են տարածաշրջան: «Այցի հիմնական նպատակն էր՝ ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ծանոթանալ կողմերի դիրքորոշումներին, քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը և հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակը»:

Համանախագահները հունիսի 10-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հունիսի 12-ին մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել են փաստացի (դե-ֆակտո) իշխանություններին: Համանախագահներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ՝ Զանգելան, Կուբաթլի, Լաչին և Քելբաջար: Ապա հունիսի 19-ին մեկնել են Բաքու, որտեղ հանդիպում են ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Երկու մայրաքաղաքներում համանախագահները հանդիպել են նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: Բաքվում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Ադրբեջանում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, այդ թվում՝ իրենց այցի նախօրեին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում եղել են կորուստներ:

«Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմաններին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ և քաղաքական կամքի դրսևորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները»,- նշում են միջնորդներն ու շարունակում․ «Համանախագահներն ընդգծում են, որ դա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալող, կարգավորման արժանի տարածաշրջանի ժողովուրդների համար հարատև խաղաղություն ապահովելու միակ ուղին է»:

Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նախագահները հայտնել են կարգավորման առավել վիճահարույց խնդիրների շուրջ փոխզիջումային լուծում գտնելու նպատակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները հուլիսի 3-ին կմեկնեն Վիեննա, որտեղ կատարած այցերի մասին կտեղեկացնեն Մինսկի խմբին: Նրանք մտադիր են առաջիկայում նորից հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և քննարկել առաջիկա աշխատանքներին առչվող հարցեր: