Փառատոնը բացվեց երեկ «Արամ Խաչատրյան» համերգասարհում կայացած համերգով, որտեղ հնչեցին Կանչելիի լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածային գործիքների համար գրված ստեղծագործությունները, 4-րդ սիմֆոնիան, կլարնետի և լարային նվագախմբի համար գրված «Գիշերային աղոթքները» և այլ ստեղծագործություններ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ կլարնետահար Յուլաին Միլկինսը՝ Կանադայից: Ի դեպ, նա կրկին հանդես կգա այս երեկո՝ արդեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին մասնակցելու է նաև բայանահար Ալեքսանդր Սևաստյանը: Հնչելու են Գիա Կանչելիի թատրոնի և կինոյի համար գրած հանրահայտ մեղեդիները: Հիշեցնենք, որ Գիա Կանչելին «Միմինո» հանրահայտ ֆիլմի երաժշտության հեղինակն է:
Իսկ վաղը՝ փառատոնի փակման համերգին, կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Գիա Կանչելիի սիմֆոնիկ և կամերային այն ստեղծագործությունները, որոնք մինչև այժմ Հայաստանում երբեք չեն հնչել:
Այսօր հրավիրած ասուլիսին 82-ամյա Գիա Կանչելին շեշտում էր, որ շատ մտերիմ է եղել իր հայ գործընկերների հետ, այնպիսի հրաշալի կոմպոզիտորների, ինչպիսիք են Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ղազարոս Սարյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ: Նշում էր, որ իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, և ինքն է համոզել Գեորգի Դանելիային «Միմինո»-ում հենց Դիլիջանի ջուրը կոչել աշխարհում ամենալավը․ - «Ես չեմ կարող թվել բոլոր այն հայ կոմպոզիտորների անունները, որոնց հետ մտերմացել և բարեկամություն եմ արել Դիլիջանի կոմպոզիտորների տանը երկար տարիների ընթացքում ունեցած հանդիպումների ժամամանակ: Բայց ես այնտեղ թե՛ շատ լուրջ ստեղծագործական գործունեությամբ եմ զբաղվել, թե՛ շատ մտերիմ ընկերներ եմ ձեռք բերել, որոնցից շատերն այսօր ցավոք չկան»:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչն է իր համար եղել ամենակարևորը թե՛ որպես մարդ, թե՛ որպես երաժիշտ, մաեստրոն ասաց․ - «Ամենակարևորը թերևս ներքին ինքնաքննությունն է, պարկեշտությունը, դրական և բացասական հարաբերությունները մարդկանց հետ: Գտնում եմ, որ արվեստի գործերը ոմանց մոտ կարող են հիացմունք առաջացնել, իսկ ոմանց համար լինել բացարձակապես անընդունելի լինել, և հենց այդ դեպքում է, իմ կարծիքով, որ այդ ստեղծագործությւոնը կարող է հետաքրքիր լինել»:
Իր համար կարևոր է այն ամենը, ինչ տեղ է ունենում իր շուրջը․ - «Կարելի է բացարձակապես ապաքաղաքական անձ լինել, բայց չես կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում աշխարհում, քանի որ այդ ամենն անմիջականորեն ազդում է յուրաքանչյուր մարդու, նաև ինձ վրա: Լսեք իմ երաժշտությունը և կհասկանաք, թե ինչն է ինձ համար եղել կարևորը թե՛ 60-ականներին, թե՛ 70-ականներին, թե՛ մինչև օրս»: