Նախորդ օրերին շփման գծում հայկական կողմից չորս զինվորների զոհվելու մասին տեղեկություններին և Ղարաբաղում լարվածության հերթական աճին զուգահեռ հայտնի դարձավ, որ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանն անցած տարի շարունակել է ծանր հարձակողական սպառազինության մատակարարումն Ադրբեջանին:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն, 2016 թվականին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Նույն աղբյուրի փոխնացմամբ, անցած տարի Ռուսաստանը նաև Հայաստանին է սպառազինություն մատակարարել՝ 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Իրողությունն այն է, որ անգամ ապրիլյան պատերազմի տարում Հայաստանի ռազմավարական դաշնակիցը շարունակել է զինել Երևանի հետ պատերազմական վիճակում գտնվող Բաքվին:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, այդ հանգամանքն ինքնին խոսում է այն մասին, թե Մոսկվայում ինչպես են վերաբերվում իրենց դաշնակցային պարտավորություններին ու, մասնավորապես, ՀԱՊԿ-ին: Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու ՀԱՊԿ-ը, ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները համարում են երկրի անվտանգության ապահովման առանցքային տարրեր:
«Ինչու՞ մենք կարող ենք քննադատել Ռուսաստանին և պահանջներ ներկայացնել նրան: Միայն մեկ պատճառով՝ ի վերջո, Ռուսաստանը կարող է ասել ու ասում է՝ մենք առաջնորդվում ենք մեր շահերով, դա մեզ համար մեծ բիզնես է: Բայց մենք իրավունք ունենք բողոքելու, ինչու՞, որովհետև մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք:
Դա նշանակում է, որ անդամ պետությունները միևնույն անվտանգության համակարգի մեջ միմյանց նկատմամբ պարտավորություններ են ստանձնում: Մենք էլ ունենք Ռուսաստանի առջև պարտավորություն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը: Նրա ընդգծմամբ, հայկական կողմի դեմ Ադրբեջանի կիրառած սպառազինության մեծ մասը ռուսաստանյան է:
Անցած տարի` ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց, Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:
«Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն, ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից»,- դիմելով ՌԴ վարչապետին, ասել էր Սարգսյանը:
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2011-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել հենց Ռուսաստանից, ինչի արդյունքում Ադրբեջանը դասվում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զենքի ամենաշատ պահանջարկն ունեն․ Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4%-ը:
Ստեփան Գիգորյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան անտեսեց հայկական կողմի բարձրագույն մակարդակով հնչեցրած դժգոհությունը՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման վերաբերյալ: «Մենք պետք է մի գլխավոր հետևություն անենք՝ անպայման դիվերսիֆիկացնենք մեր անվտանգությունը: Այն չկապենք միայն մի ուժի՝ մի պետության հետ: Աշխատում եք Ռուսաստանի հետ, շատ լավ, աշխատեք: Բայց պետք է մեր աշխատանքներում ուժեղացնենք շեշտադրումները ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ոլորտում անպայման պետք է աշխատենք Իրանի հետ, ինչու ոչ՝ Չինաստանի հետ»,- ասաց փորձագետը:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կարծիք հայտնեց, որ հայկական կողմը քաղաքական առումով տանուլ է տալիս: «Որովհետև ամեն մի նման հարվածից հետո Ադրբեջանը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանն ագրեսոր է, իսկ Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած միջոցով ագրեսորին վտարել զավթված տարածքներց»,- ասաց Մելիքյանը: