«Ամեն» երաժշտական, պարային ներկայացումը նախ կներկայացվի հայ հանդիսատեսին

Այս շաբաթավերջին՝ հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի մի ուշագրավ մեծածավալ բեմադրություն, որը հեղինակներն ու բեմադրիչները կոչում են դրամատիկ էպիկական շոու։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, մեր ժողովրդի պատմությունը նախաքրիստոնեական ժամանակներից մինչև մեր օրերը ներկայացնող «Ամեն» խորագրված այս բեմադրության մեջ ներգրավված են ոչ միայն մեր լավագույն օպերային երգիչ-երգչուհիներն, այլև պարային խմբեր, բալետային արտիստներ, «Հովեր» երգչախումբը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, էստրադային և ազգագրական երգիչներ։

«Ամեն» ներկայացման կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ օգոստոսի վերջին այն կներկայացվի իտալական Վերոնա քաղաքում՝ տեղի 15-հազարանոց ամֆիթատրոնում, որն աշխարհում գործող օպերային ամենամեծ բեմահարթակն է:

«Արենա դի Վերոնա»-ն երևի բոլոր երաժիշտների երազանքն է, և այդքան հեշտ չէ այդ բեմ ընկնել։ Երբ որ ծնվեց այս գաղափարը, մենք միանգամից պատկերացրեցինք, որ սա պետք է լինի մեծ բեմում և երկար փնտրումներից հետո հասկացանք, որ դա պետք է լինի Իտալիայի այս բեմը», - ասաց Մուշեղյանը՝ մանրամասներով. - «Շատ հետաքրքիր ճանապարհ անցանք՝ եկանք, ներկայացրեցինք մեր նախագիծը «Արենա» հիմնադրամին, դա հիմնադրամ է, որը զբաղվում է ամբողջ «Արենիա»-ի գործունեությամբ։ Ներկայացրեցինք քաղաքապետարան, և երբ նրանք ուսումնասիրեցին մեր նախագիծն ասացին, որ այնքանով հետաքրքիր նախագիծ է, որ իրենց կողմից նրանք անվճար մեզ տրամադրում են «Արենա դի Վերոնան», որպեսզի այս ներկայացումը կայանա, որովհետև սա համարում են շատ հետաքրքիր գաղափարով ներկայացում»։

Մուշեղյանն ասաց, որ ներկայացումը «Արենա դի Վերոնա»-ի բեմում կցուցադրվի օգոստոսի 21-ին։

«Մենք ապրում էինք Ռուսաստանում և մենք հասկացանք, որ ուզում ենք ինչ-որ բան ստեղծել, որն իրոք կունենա ինչ-որ արժեք և կլինի մնայուն։ Բացի դրանից, եթե դու արվեստի մարդ ես, եթե ուզում ես աճես, դու պետք է ջարդես բոլոր եղած քո սահմանները։ Մենք մեր սահմանները ջարդեցինք և փորձեցինք անել ինչ-որ նոր բան», - ասաց «Ամեն» ներկայացման կոմպոզիտորը։