ԵՄ դեսպանի հնչեցրած միտքը չի վերաբերել ԿԸՀ կազմը փոխելուն. Մուկուչյան

«Ինձ համար անընկալելի է՝ ինչպե՞ս է հնարավոր գործել արդյունավետորեն, բայց լինել անընկալելի». - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ արձագանքելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիտարկումներին՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Ըստ էության, առաջ քաշվեց հետևյալ տեսական միտքը, որ հանձնաժողովն աշխատել է արդյունավետ, բավականին արդյունավետ, այդ մասին ևս նշվեց պարոն դեսպանի կողմից և նշվեց, որ անարժանահավատ է։ Նախ, եթե փորձում ենք այս երկու կատեգորիաները վերլուծել, ինձ համար անընկալելի է՝ ինչպե՞ս է հնարավոր գործել արդյունավետորեն, բայց լինել անընկալելի, որովհետև հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ենթադրում է, որ հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքով ամրագրված իրավանորմերը, կապված ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և այլնի հետ իրականացվել է, ըստ էության, արդյունավետ եղանակով, բնական է, որ եթե այդ իրականացումը, այդ աշխատանքը եղել է արդյունավետ, հետևաբար դրա արդյունքը չէր կարող անվստահության խնդիր առաջացնել։ Կարծես թե երկու տարբեր եզրույթների մասին ենք խոսում», - ասաց Մուկուչյանը։

Նշենք, որ օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը բարձր էր գնահատել ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն նշել էր, որ այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ «Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, ապա պետք է ունենա արժանահավատ գործող կառույց», - ասել էր դեսպանը:

Սվիտալսկին նաև հայտարարել էր, որ Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի: Ըստ դեսպանի, անհրաժեշտ է հանձնաժողովում ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Մուկուչյանը, սակայն, նշեց, որ իրականում հնչած միտքը բնավ չէր վերաբերում հանձնաժողովի կազմը փոխելուն։ «Նախ՝ առաջինն իր կողմից ընդհանուր առմամբ առաջ էր քաշվում ոչ թե թեզ կապված հանձնաժողովի կազմի փոփոխության հետ, ինչը, ցավոք, երկու օր է անընդհատ շրջանառության մեջ է դրվում, և ես անկեղծորեն սպասում էի, որ գոնե դրա վերաբերյալ որոշակի պարզաբանում կլինեն, որովհետև իրականում հնչած միտքը բնավ դրան չէր վերաբերում, այլ վերաբերում էր հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ ինչ-որ մոտեցումներ ներկայացնելուն։ Հակառակ պարագայում անհասկանալի է, երբ մենք խոսում ենք արդյունավետ գնահատելով աշխատանքը, այնուհետև դա զուգակցելով մեկ այլ կատեգորիայի հետ, որը կոչվում էր անվստահություն, և դրանով պայմանավորված կազմի փոփոխություն», - ասաց ԿԸՀ նախագահը։

Հարցին, թե չի՞ խոսվել Մուկուչյանին փոխելու մասին, ԿԸՀ նախագահը պատասխանեց. - «Ընդհանրապես խնդիրն այստեղ Մուկուչյանի խնդիրը չէ, հանձնաժողովի կազմի փոփոխության խնդիր չի դրվել և կարծում եմ՝ չէր էլ կարող դրվել»։

Մեկ այլ հարցին, թե կարո՞ղ է պնդել, որ հանրության շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիակատար վստահություն է վայելում և Սվիտալսկին անարդարացիորեն է քննադատել, Մուկուչյանը պատասխանեց. - «Ինձ համար շատ անկեղծ խնդիր է, օրինակ, ի՞նչ է ընկալվում այդ անվստահություն ասվածի տակ, երբ տեղի է ունեցել քվեարկության գործընթացն, այդ գործընթացն այնքան թափանցիկ է եղել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր հետևել, թե ինչպես է տեղի ունենում քվեարկությունը տեղամասային կենտրոններում, քաղաքական ուժերին տրված էր շատ ավելի լայն հնարավորություններ հետևելու դրան, վերջին հաշվով, տեխնիկական սարքերով գրանցումներ և այլն, բազմաթիվ հարցեր ուղղակի վերացան»։

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․