Երևան-Մոսկվա միկրոավտոբուսի վթարից 1 մարդ զոհվել է, կա 9 տուժած

Վթարի ենթարկված Երևան-Մոսկվա միկրոավտոբուսը, 18-ը հունիսի, 2017թ.

Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում միկրոավտոբուսի և բեռնատար մեքենայի բախումից, վերջին տվյալներով, 1 մարդ մահացել է, կա 9 տուժած:

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, տուժածների թվում կան ազգությամբ հայեր։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր 1 զոհի և 6 տուժածի մասին։

ԱԻՆ-ը նշում է, որ հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:

«Դեպքի վայր է մեկնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչը, ով ժամը 17:30-ին հաղորդեց, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը` Տուլա քաղաքի հիվանդանոցներ: Պարզվել է, որ զոհը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի 1961 թվականին ծնված Նասիրով Օթարը», - ասված է հաղորդագրությունում:

Տուլայի հիվանդանոցում են գտնվում 1983 թվականին ծնված Աիդա Հակոբյանը, 2005 թվականին ծնված Ռոզա Գեղամյանը, 2002 թվականին ծված Կառլեն Գեղամյանը իսկ Ստուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Գալստյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը:

Պարզվել է, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնի Նովգորոդ:

Ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 1988 թվականին ծնված Վալերիա Ստեփանյանի, 1979 թվականին ծնված Նորայր Գալստյանի, 1958 թվականին ծնված Ռոմիկ Նիկողոսյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: