«Երկիր Ծիրանի» խմբակցությունը անվստահություն է հայտնել իր երկու անդամներին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը անվստահություն է հայտնել իր երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին:

«Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անցկացրել են նիստ, որին մասնակցում էին խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու հարցերը:

Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը», - ասված է «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Հայկ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

«Երկու հարց կար, մեկը՝ կուսակցության հետ կապված էր: Ես ընդհանրապես չեմ կարող մեկնաբանել, քանի որ կուսակցության անդամ չեմ, միայն խմբակցության անդամ եմ: Երկրորդ հարցի կապակցությամբ մենք վաղը հայտարարությամբ հանդես կգանք: Կփորձենք բոլոր հարցերին պատասխանել», - նշեց Պետրոսյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: