Հայաստանը միշտ առատ է տաղանդներով․ Օպերային երիտասարդական ծրագրի ղեկավար

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողների գալա համերգը, Երևան, 14-ը հունիսի, 2017թ․

Վոկալիստների անվանակարգում առաջին անգամ այս տարի անցկացված Արամ Խաչատրյանի անվան մրցույթը յուրահատուկ էր այն առումով, որ մեկ անգամ ևս վերհանեց օպերային երիտասարդ շնորհաշատ հայաստանցի կատարողներին՝ երիտասարդ երգիչ-երգչուհիներին:

Մրցութային հանձնաժողովի՝ արտասահմանյան տարբեր հեղինակավոր երաժշտական հաստատությունները ներկայացնող անդամները «Ազատությանը» տված հարցազրույցներում առիթը բաց չէին թողնում արտահայտելու իրենց ոգևորվածությունը հատկապես մեր երիտասարդ կատարողների նկատմամբ: Ու թերևս պատահական չէ, որ մրցույթի առաջին և երրորդ մրցանակները բաժին ընկան Հայաստանը ներկայացնող Ջուլիետա Ալեքսանյանին և Գագիկ Վարդանյանին: Հայաստանից այլ մասնակիցներ՝ երիտասարդ տաղանդաշատ երգչուհիներ, արժանացան այլ՝ հատուկ մրցանակների:

Դեռ տարիներ առաջ Օպերային թատրոնի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվեց մի ծրագիր, որը կոչված էր վերհանելու, աջակցելու երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագիրը հենց այդպես էլ կոչվում է ՝ Օպերային երիտասարդական ծրագիր: Ծրագրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը, ով «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ես արդեն 15 տարի աշխատում եմ Օպերային թատրոնում, ինքս ավարտել եմ Հելսինկիում, վերադարձել եմ Հայաստան, դասավանդել եմ Կոնսերվատորիայում, կարող եմ ասել, որ Հայաստանը միշտ շատ առատ է տաղանդներով, բնականաբար, և հատկապես երգեցողության մեջ նույնիսկ կա «հայկական կոկորդ» անվանում, որովհետև ինչ-որ սպեցիֆիկ քաղցրություն կա ձայների մեջ: Իհարկե, սովետական դպրոցը որոշ չափով խանգարել է նրանով, որ մենք կտրված էինք խորհրդային տարիներին եվրոպական արվեստից երգեցողական, բայց հիմա կարող եմ ասել, որ ճանապարհները բացվել են, և արդեն Ինտերնետով, մաստեր-կլասներով, նման բաներով շփումները շատ են, հնարավորությունները շատ են»:

«Ազատության» զրուցակցի համոզմամբ՝ ներկայիս սերունդը ոչ միայն ոչ մի բանով չի զիջում, անգամ ավելին՝ շատ ավելի մեծ պոտենցիալ ունի երգեցեղական երաժշտարվեստի բնագավառում․ - «Էդ մեր լեգենդներն էլ շատ դեպքերում եղել են լոկալ, ոնց որ ասած, լեգենդները, որովհետև շատերին չէին ճանաչում արտասահմանում գրեթե ոչ մեկ»:

Հարցին՝ ի՞նչն է կարևոր այս երիտասարդ տաղանդներին պահելու, պահպանելու, կամ նրանց ձայնը մշակելու համար, Ջավադյանը արձագանքեց․ - «Անտարբերությո՛ւն չլինի՝ ամենակարևորը դա է: Չխանգարեն, իսկ տաղանդները իրենք իրենցով կարող են․․․»:

Թե ինչով պետությունը կարող է օժանդակել՝ այս կապակցությամբ էլ նա ասաց․ - «Օրինակ, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Կոնստանտին Օրբելյանը, նշանակվելուն պես արեց շատ մեծ բան՝ հրավիրելով տարբեր տեսակի մեծ երգիչներ, պրոֆեսիոնալներ, դասատուներ: Օրինակ, շատ մեծ հնարավորություն է այս մրցույթին՝ ժյուրիի կազմում նստած են հայտնի բեմադրիչներ, մեծ մասնագետներ, դաշնակահարներ՝ նրանք բոլորը տվել են այստեղ վարպետության դասեր և՛ երիտասարդներին, և՛ օպերայի մենակատարներին»:

Հարցին էլ՝ իսկ հնարավորություն կա՞ երիտասարդներին ուղարկելու ձայները վերամշակելու, Ջավադյանը պատասխանեց․ - «Ուղարկում ենք, մեր ծրագրի շնորհիվ եղել են այդպիսի դեպքեր, մենք ուղարկում ենք և՛ վարպետության դասերի, օրինակ՝ Բարսեղ Թումանյանի մոտ Ղազախստան՝ մեր հայրենակիցը հիմա Ղազախստանում է ապրում, մենք Մեծ թատրոն էլ այդ երիտասարդներին ուղարկել ենք վարպետության դասերի՝ շատ հայտնի մասնագետների մոտ, համաշխարհային, լեգենդար երգիչների հետ աշխատելու, և այդ տրադիցիան շարունակվում է»:

Նա հայտնեց, որ ծրագիրը պետական է․ - «Սա հիմնել ենք Գեղամ Գրիգորյանի հետ, Օպերայի մի մասն է, որը ստեղծված է նրա համար, որ պատրաստենք երգիչներին օպերայի մեծ բեմ բարձրանալու համար»:

Իսկ թե ինչպես են հայտնաբերում ապագա տաղանդավոր երիտասարդ երգիչներին՝ ըստ Լևոն Ջավադյանի, «անպայման չի լսել լավ ձայն, կարևորը՝ լսել մեծ պերսպեկտիվաներ, տեսնել, զգալ»:

Ամենակարևորը մեծ երաժիշտ, երգիչ դառնալու համար, ընդգծեց Լևոն Ջավադյանը, աշխատասիրությունն է «և բախտը, իհարկե»: Հարցին էլ՝ «իսկ տաղա՞նդը», նա պատասխանեց․ - «Դե եթե մարդ ուզում է դառնալ մեծ երգիչ, արդեն պետք է տաղանդ ունենա»: