Միացյալ Նահանգների մայրաքաղաքի ոստիկանությունը Թուրքիայի նախագահի թիկնազորի 12 անդամների ձերբակալելու սանկցիա է տվել՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակվելու համար:
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշամը համատեղ ասուլիսում հայտնել են, որ ձերբակալելու սանկցիա է տրված Թուրքիայի անվտանգության ծառայության 9 անդամների, Թուրքիայի ոստիկանության երեք սպաների և երկու կանադացիների նկատմամբ, որոնք նաև Թուրքիայի քաղաքացիներ են:
Վաշինգտոնի քաղաքապետն ասել է, որ մայիսի 16-ին 9 մարդ է վիրավորվել այդ դաժան հարձակման հետևանքով:
«Ինչպես ես արդեն ասել էի, դատապարտում եմ այդ հարձակումը: Դա վիրավորանք էր մեր՝ վաշինգտոնցիներիս և ամերիկացիներիս արժեքների հանդեպ, դա հստակ հարձակում էր Սահմանադրության առաջին փոփոխության վրա», - նշել է Բաուսերը:
Վաշինգտոնի ոստիկանապետն ասել է, որ միջադեպի տեսանյութերը իրավապահներին հնարավորություն են տվել բացահայտելու հարձակմանը ներգրավված կասկածյալների մեծ մասին: «Վաշինգտոնի ոստիկանությունը 16 մարդու ձերբակալելու սանկցիա է տվել, որոնցից երկուսը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, երկուսը՝ Կանադայի, որոնք նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն, իսկ երկու այլ կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ի Մարշալի ծառայության կողմից», - փոխանցել է Նյուշամը:
Հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նրա հայտարարությունը ներկայացրել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը: «Թուրքիայի անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ մեղադրանքը հստակ ուղերձ է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նրանց, ովքեր ազատ խոսքը և արտահայտվելու քաղաքական օրինական ազատությունները ճնշելու համար դիմում են ահաբեկումների և բռնությունների: Պետդեպարտամենտը կշարունակի աշխատել իրավապահների հետ: Երբ արդյունքներ ձեռք բերվեն, Պետդեպարտամենտը կորոշի, թե արդյոք լրացուցիչ քայլերի դիմելու կարիք կա: Մեր գործողությունները պետք է մեղադրանքներին համապատասխան լինեն: Իրավապահների հետ մեր աշխատանքի ուշադրության կենտրոնում է լինելու ապահովել, որ բռնությունների համար պատասխանատուները այդ գործողությունների համար պատասխանատվություն կրեն», - ընդգծված է Թիլերսոնի հայտարարությունում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի ընդունում Միացյալ Նահանգների իշխանությունների մեղադրանքները իր թիկնազորի անդամների վերաբերյալ: Էրդողանն ասել է, թե կպայքարի իր թիկնապահներին ձերբակալելու որոշումների դեմ:
Ռամադանի ընթրիքի ժամանակ Թուրքիայի նախագահը, անդրադառանալով ԱՄՆ-ում, իր խոսքով՝ երկու եղբայրների ձերբակալությանը և իր թիկնազորի 12 անդամներին ձերբակալելու սանկցիաներին, դժգոհել է․ - «Սա ի՞նչ օրենք է, սա ի՞նչ իրավական համակարգ է»: «Իհարկե մենք կպայքարենք ձերբակալությունների սանկցիաների դեմ քաղաքական և իրավական ճանապարհներով», - ասել է Էրդողանը:
Վաշինգտոնում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Միացյալ Նահանգների մայրաքաղաքի ոստիկանապետը ասել է, թե պատճառ չկար Էրդողանին ձերբակալելու սանկցիա տալու համար, ով, ինչպես ցույց են տալիս տեսանյութերը, միջադեպին հետևել է իր ավտոմեքենայի մոտից:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը ասել էր, թե Էրդողանի դեմ բողոքողները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) հետ, որը Թուրքիայում արգելված զինված, ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Վաշինգտոնի ոստիկանապետը երեկվա ասուլիսում ասել է` նման ապացույցներ չկան, թե ցուցարարները ՔԲԿ-ի հետ կապեր ունեն:
Հիշեցնենք, հունիսի 14-ին ամերիկացի պաշտոնյաները հայտնեցին, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալել են երկու թուրքի՝ Սինան Նարինին Վիջինիայից և Էյուփ Յըլդըրըմին Նյու Ջերսիից: Նրանց դեմ քրեական գործ է հարուցված: Դատախազությունը հայտնել է, որ միջադեպի հետ կապված մեղադրվում են 18 անձինք՝ ներառյալ չորս ամերիկացիներ ու երկու կանադացիներ:
Մայիսի 16-ին Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: