Բողոքի քայլերթ Անկարայից Ստամբուլ՝ ընդդիմադիր պատգամավորին ազատ արձակելու պահանջով

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն 450-կիլոմետրանոց բողոքի երթի է դուրս եկել: Նա Անկարայից քայլում է դեպի Ստամբուլ: Այս յուրօրինակ ակցիայով Քըլըչդարօղլուն բողոքում է իր կուսակցության պատգամավոր Ենիս Բերբերօղլուի բանտարկության դեմ:

Երեկ Անկարայի կենտրոնից՝ Գյուվենպարկի այգուց սկսելով իր երթը, ընդդիմադիր առաջնորդն ասել է. - «Մենք չենք ցանկանում որևէ լրագրող, որևէ պատգամավոր բանտարկված լինի մեր երկրում: Մենք բախվում ենք բռնակալական կառավարման: Մենք չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ արդարություն չկա: Մենք ասում ենք՝ բավ է: Ահա թե ինչու ենք սկսում մեր երթը, և եթե հարկ լինի սրա համար գին վճարել, ես կվճարեմ այդ գինը»:

Նրա ձեռքին մի պաստառ կա, որի վրա մեկ բառ է գրված՝ «Արդարություն»:

Բերբերօղլուն հունիսի 14-ին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիք հրապարակելու համար:

Ըստ մեղադրանքի, նա երկու լրագրողի տեսանյութ էր տվել, որտեղ երևում էր, թե ինչպես են Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) բեռնատարները զենք-զինամթերք, հրթիռներ տեղափոխում Սիրիա՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների համար:

Բերբերօղլուի դատավճռից հետո, նույն օրն ավելի ուշ Քըլըչդարօղլուն CNN Turk-ին ասել էր, թե Անկարայից ոտքով կքայլի մինչև Ստամբուլի այն բանտը, որտեղ գտնվում է Բերբերօղլուն:

Երեկ, երբ նա ժամանեց Անկարայի Գյուվենպարկ երթը սկսելու համար, հազարավոր մարդիկ ողջունեցին նրան՝ հայտնելով իրենց աջակցությունը:

«Սա սրբազան երթ է: Արդարությո՛ւն, արդարությո՛ւն և նորից արդարությո՛ւն: Այս երթը քաղաքական չէ, սա արդարության երթ է», - հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր ուժի առաջնորդը նախքան երթի մեկնարկը:

Թուրքիայի ոստիկանությունը ծանոթ մեթոդների էր դիմել մարդկանց մուտքը Գյուվենպարկ սահմանափակելու համար: Ոստիկանությունը փակել էր այգուն հարող շատ փողոցներ, դադարեցվել էր տրանսպորտի երթևեկությունը, իսկ ռազմական ոստիկանության ջոկատները տեղակայվել էին այգու շուրջ:

Քեմալ Քըլըչդարօղլուի երթին ուղեկցում են նրա ընտանիքի անդամներ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներ ու անդամներ: Նրանք պլանավորում են 24 օրվա ընթացքում Անկարայից ոտքով հասնել Ստամբուլ:

Ընդդիմադիր առաջնորդի երթից բացի, ժողովրդա-հանրապետականները պլանավորում են Թուրքիայի մյուս քաղաքներում ակցիաներ անցկացնել նույն՝ «Արդարություն» կարգախոսով։