Հունիսի 19-ին կմեկնարկեն «Բրեքզիթ»-ի բանակցությունները

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ասուլիսի ժամանակ ցույց է տալիս ԵՄ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը, Բրյուսել, 29-ը մարտի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով նախարար Դեյվիդ Դեյվիսը և Եվրամիության պատվիրակության ղեկավար Միշել Բարնեն հունիսի 19-ին կսկսեն բանակցությունները «Բրեքզիթ»-ի շուրջ։

Տվյալ օրը նշանակվել էր դեռ հունիսի 8-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց արդյունքները, սակայն, կասկածներ հարուցեցին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Միացյալ Թագավորությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմնական նպատակը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ բանակցություններին պատրաստվելն էր։ Վարչապետ Թերեզա Մեյը ցանկություն ուներ ամրապնդել իր կուսակցության դիրքերը՝ մեծացնելով պահպանողականների ներկայությունը խորհրդարանում, մինչդեռ արդյունքում կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը: