Եվրախորհրդարանը Մուխթարլիի հետապնդումը դատապարտող բանաձև ընդունեց

Խորհրդարանական երկու խումբ, որոնք ներկայացնում են աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական (EPP) և Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների (ECR ) կուսակցությունները, փորձել են հետաձգել քվեարկությունը:

Այսօր Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլին և կասեցնել նրան առաջադրված բոլոր մեղադրանքները:

Ստրասբուրգում ընդունված փաստաթուղթը պաշտպանել են Եվրախորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Բանաձևը դատապարտում է լրագրողի առևանգումը Վրաստանում և «շինծու մեղադրանքներով» քրեական հետապնդումը Ադրբեջանում:

Եվրախորհրդարանի պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել լրագրողի հետապնդման առնչությամբ, նշելով, որ Մուխթարլիի գործն արտերկրում ապրող վտարանդի քննադատներին, իսկ երկրի ներսում՝ նրանց ազգականներին Ադրբեջանի իշխանությունների կողմից թիրախավորելու և հետապնդելու «ևս մեկ օրինակ է»:

Վրաստանում Մուխթարլիի անհետանալու հետ կապված՝ Եվրախորհրդարանը նաև Վրաստանի իշխանություններին է կոչ ուղղել՝ հորդորելով շուտափույթ անցկացնել թափանցիկ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն:

Աֆղան Մուխթարլին կնոջ հետ 2015-ին տեղափոխվել էր Վրաստան, մտահոգված լինելով իրենց անվտանգության համար: Լրագրողն Ադրբեջանի իրավապահների ուշադրության տակ էր հայտնվել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր կոռուպցիոն գործարքներին առնչվող հետաքննություն իրականացնելուց հետո:

Մուխթարլին Վրաստանում անհետացել էր մայիսի 29-ին: Ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները հայտնեցին, թե նա Բաքվի մեկուսարանում է՝ կասկածվելով պետական սահմանն անօրինականորեն հատելու և կանխիկ գումարի մաքսանենգության մեջ: Ադրբեջանական դատարանը 43-ամյա լրագրողին երեք ամսով նախնական կալանքի ենթարկելու որոշում է ընդունել:

Այսօր Ստրասբուրգում խորհրդարանական երկու խումբ, որոնք ներկայացնում են աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական (EPP) և Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների (ECR) կուսակցությունները, փորձել են հետաձգել քվեարկությունը: Նշված խմբերն առաջարկել են հնարավորություն տալ Եվրամիության «լուռ քաղաքականության» համար, նշելով, թե Եվրամիության հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հունիսի 15-ին այցելում է Բաքու: Քվեարկությունը հետաձգելու այս առաջարկը, սակայն, չի ընդունվել:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրողի հարցով հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Աֆղան Մուխթարլիի՝ Վրաստանում «ենթադրյալ առևանգման» և Ադրբեջանում կալանավորվելու կապակցությամբ: